Վրաստան

Վրաստանի վարչապետը ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններ հաստատելու շահագրգռվածություն է հայտնել

3 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններ հաստատելու շահագրգռվածություն է հայտնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր երկրի և Եվրամիության հարաբերությունները ներկայումս անընդունելի են, սակայն դրանք կարող են բարելավվել Վրաստանի նկատմամբ «եվրոպական բյուրոկրատիայի քաղաքականության» փոփոխման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոբախիձեն ասել է Euronews-ի եթերում։

Վրաստանի իշխանությունները 2024 թ. նոյեմբերի 28-ին հայտարարել են, որ մինչև 2028 թվականն օրակարգից հանում են ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ի պատասխան՝ Արևմուտքը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ժողովրդավարության հետընթացի մեջ և կոչ արել անհապաղ վերադառնալ ԵՄ տանող ուղի։

«Մեզ համար անընդունելի է մեր հարաբերությունների ներկա վիճակը: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ առողջ հարաբերությունների հարցում, որոնք այս փուլում չենք տեսնում: Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե Վրաստանի քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատիայի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ»,- ասել է Կոբախիձեն։

Euronews-ին տված հարցազրույցում Կոբախիձեն նաև հայտարարել է, որ գնդակը գտնվում է Բրյուսելի դաշտում, և որ ԵՄ-ն պետք է ավելի ճկուն լինի նոր անդամների նկատմամբ իր մոտեցումներում։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Վրաստանը հանդիպում է «որոշ լուրջ խնդիրների եվրոպական բյուրոկրատիայի հետ հարաբերություններում», բայց ընդգծել է, որ ինքը մնում է «շատ լավատես», որ Վրաստանը կստանա ԵՄ-ի անդամակցություն մինչև 2030 թվականը։

«Մենք հետևողական կլինենք այդ նպատակին հասնելու հարցում և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումն ավելի արդարացի կլինի», - հայտարարել է Կոբախիձեն։

Ներկայումս Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է։ Երկիրն այդ կարգավիճակն ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը վրացական իշխանություններն անարդարություն են անվանել։

Բացի ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց, Վրաստանին ներկայացվել է 9 պայման Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների փուլ անցնելու համար։ Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում