Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
1 րոպեի ընթերցում
![Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137134.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում՝ պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Ես կցանկանայի հավելել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլար կտրամադրենք [Ուկրաինային] պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն անվտանգության երկկողմ պայմանագիր:
«Մենք այդ համաձայնագիրը կստորագրենք մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա: