Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
1 րոպեի ընթերցում
![Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136237.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Փարիզում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են պատրաստել համաձայնագիր երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։
«Նրանք պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական և պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև՝ պաշտոնական բանակցություններ սկսելով Ֆրանսիայի զինված ուժերի և Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միջև փոխգործունակության զարգացման պայմանագրի կնքման շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ։
Մակրոնը և Կիսիդան նաև որոշում են ընդունել ամրապնդել տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, տիեզերքի և նորարարությունների ոլորտներում։
Երկու ղեկավարները նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: