Մերձդնեստրի ԱԳՆ-ն դիմել է միջնորդներին Տիրասպոլում ռազմական ուղղաթիռի վրա հարձակումից հետո
2 րոպեի ընթերցում
![Մերձդնեստրի ԱԳՆ-ն դիմել է միջնորդներին Տիրասպոլում ռազմական ուղղաթիռի վրա հարձակումից հետո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1132665.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չճանաչված Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Տիրասպոլի և Քիշնևի միջև բանակցություններում միջնորդներին ռազմական ուղղաթիռի վրա հարձակումից հետո։ Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, կոչը հղել են «հինգ գումարած երկու» բանակցային ձևաչափի մասնակիցներին (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաև դիտորդներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչերը հղել է «հինգ գումարած երկու» ձևաչափի միջազգային մասնակիցներին՝ կոչ անելով ակտիվ դիրք գրավել՝ խաղաղ Մերձդնեստրի դեմ ահաբեկչական գործողությունները կասեցնելու, լարվածության էսկալացիա թույլ չտալու և մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության քաղաքակիրթ կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև մեղադրել է Քիշնևին ագրեսիան խրախուսելու մեջ, որը հերքել է Կիևի մասնակցությունը հարձակմանը և տեղի ունեցածն անվանել սադրանք։
«Առանձին դերակատարների կողմից Մերձդնեստրում աննախադեպ ահաբեկչական սպառնալիքը լռության մատնելը, որն արտահայտվել է մի շարք ահաբեկչություններով վերջին երեք տարիների ընթացքում, բացասական գործոն է, որը հրահրում է ահաբեկչական գրոհների շարունակումը», - նշել են նախարարությունում։
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Մերձդնեստրի հեռուստաալիքները տարածել են չճանաչված հանրապետության զինված ուժերին պատկանող, Տիրասպոլի հյուսիսում գտնվող նախկին ռազմական օդանավակայանում պահվող Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռին անօդաչու թռչող սարքի հարվածի տեսագրությունը: Օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա: