Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը՝ որպես դրական օրինակ, որի արդյունքում ստեղծվել է հնարավորություն՝ ծանոթանալու և բացահայտելու մեծանուն կոմպոզիտորի բազմաշերտ ժառանգությունն ու կենսագործունեության նորանոր էջերը:

«Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:

«Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:

Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում