Միջազգային

Բայդենը կարող է սահմանափակել ռազմական օգնությունն Իսրայելին՝ Ռաֆահում գործողություն սկսելու դեպքում․ POLITICO

2 րոպեի ընթերցում

Բայդենը կարող է սահմանափակել ռազմական օգնությունն Իսրայելին՝ Ռաֆահում գործողություն սկսելու դեպքում․ POLITICO

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է սահմանափակել Իսրայելին ռազմական օգնության տրամադրումը, եթե իսրայելցի զինվորականները լայնածավալ ցամաքային գործողություն սկսեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում քննարկումների մասին տեղյակ չորս աղբյուրների:

Աղբյուրների տեղեկատվությամբ` Բայդենը դեռևս որոշում չի կայացրել զենքի ապագա մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն նա միանգամայն կարող է դա անել, եթե Իսրայելը նոր գործողություն սկսի, որը կշարունակի վտանգի տակ դնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին։

Ինչպես նշում է հրատարակությունը, «այդ քայլին գնալու Բայդենի պատրաստակամությունն արտացոլում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հարաբերությունների ծայրահեղ լարվածությունը»։

Իսրայելցի բարձրաստիճան զինվորականներից մեկը հրատարակությանը հայտնել է, որ Իսրայելի ներխուժումը Ռաֆահ մոտալուտ չէ: Նրա խոսքով` քաղաքացիական անձանց հարկավոր է տարհանել, իսկ զինվորականները պետք է պատրաստված լինեն, և եթե նույնիսկ Նեթանյահուն այսօր հրաման տա, ապա գործողությունը չի կարող անհապաղ սկսվել:

Չնայած ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը կլինի «կարմիր գիծ», մարտի 10-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է գործողություն սկսել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այդ քաղաքում։

Վերջին ամիսներին Գազայի հյուսիսային և կենտրոնական մասերից շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի է հավաքվել Ռաֆահում: ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ նրանք այլևս գնալու տեղ չունեն, և Գազայում գործողությունը կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 հոգու, գերեվարելով շուրջ 250 հոգու։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 100-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում