Միջազգային

Նոր Զելանդիան 16 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան 16 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական և հումանիտար օգնության նոր փաթեթի մասին և խոստացել է հերթական պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նորզելանդական Press պարբերականը։

Այսպիսով, Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Նոր Զելանդիայի կողմից Կիևին տրամադրված օգնությունը կգերազանցի 62 միլիոն ԱՄՆ դոլարը։

Փիթերսը նշել է, որ կարևոր է ֆինանսավորել Ուկրաինային զենք տրամադրելու ջանքերը, քանի որ պատերազմում ձախողումը «շատ ավելի լայնամասշտաբ հետևանք կունենա, քան Ուկրաինան»:

Ուկրաինային օգնության նոր փաթեթի շրջանակներում, ի թիվս այլ բաների, 4 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի զենք և զինամթերք գնելու համար, 4,3 մլն ԱՄՆ դոլար՝ ուկրաինացի փախստականների համար մարդասիրական օգնության ձեռքբերմանը, 1,9 մլն դոլար՝ Ուկրաինայում վերականգնման, վերակառուցման և բարեփոխումների նպատակով։

Բացի այդ, Նոր Զելանդիայի կառավարությունը որոշել է մինչև 2025 թվականի հունիս երկարաձգել իր ռազմական հրահանգիչների աշխատանքը Մեծ Բրիտանիայում ուկրաինական զինծառայողների վերապատրաստման համար։

Նոր Զելանդիայի արտգործնախարարն ընդգծել է, որ երկրի կառավարությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների հարցը, որոնք ավելի արդյունավետ կլինեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում