Լեհաստանը պատրաստվում է ամենավատ ռազմական սցենարներին. ՊՆ ղեկավար
2 րոպեի ընթերցում
![Լեհաստանը պատրաստվում է ամենավատ ռազմական սցենարներին. ՊՆ ղեկավար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129566.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը լրջորեն է վերաբերվում ռազմական սպառնալիքներին աշխարհի տարբեր ծայրերում՝ չբացառելով հարձակումները Ռուսաստանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Super Express-ին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը՝ պատասխանելով ՌԴ-ի կողմից հնարավոր հարձակման նախապատրաստման մասին հարցին։
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում վատթարագույն սցենարներին։ Ես դիտարկում եմ բոլոր սցենարները և առավել լուրջ եմ վերաբերվում վատագույններին: Դրանք դատարկ խոսքեր չեն», - Կամիշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախարարը հայտնել է, որ «իրավիճակն ամբողջ աշխարհում չափազանց լուրջ է»։
«Սա ոչ միայն Ուկրաինան է, այլև Սև ծովի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը», - նշել է նա։
Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարի՝ պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարի:
«Ուստի մենք աուդիտ ենք անցկացնում, եզրակացություններ անում, լրացնում սպառազինության պակասը: Խոշոր գնումները շատ կարևոր են, բայց ինձ համար պակաս կարևոր չէ զինվորների անհատական հանդերձվածությունը», - նշել է նա։
Նախարարը հիշեցրել է Բրյուսել կատարած վերջին ուղևորության ժամանակ իր արած պաշտոնական հայտարարության մասին, որ 2024-2025 թվականներին լեհական զորամասերը պատրաստ կլինեն միանալու Եվրամիության արագ արձագանքման ուժերի ստեղծմանը։