Միջազգային

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ են հասցրել Եմենում գործող հութի ապստամբների օբյեկտներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին համատեղ հայտարարություն են տարածել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները։

Ըստ հայտարարության՝ հունվարի 22-ին հարվածներ են հասցվել 8 թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանի, ինչպես նաև «հութիների հրթիռային և հետախուզական հնարավորությունների հետ կապված վայրերի»։

Համատեղ գործողությանը մասնակցել են նաև Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։

Կողմերը հայտնել են, որ հարվածներն իրականացվել են՝ «ի պատասխան հութիների կողմից միջազգային և առևտրային նավարկության, ինչպես նաև Կարմիր ծովով անցնող ռազմածովային ուժերի նավերի դեմ ուղղված շարունակական հարձակումների»։

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։

Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում