Հայաստանի համար անընդունելի է ահաբեկչական ցանկացած գործողություն․ Վահան Կոստանյանը՝ Իրանի դեպքերի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հունվարի 5-ին բացվեց սգո մատյան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից դեսպանություն են այցելել տարբեր պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ՝ իրենց ցավակցությունը հայտնելու Իրանի ժողովրդին:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծեց՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը որևէ վայրկյան չպետք է դադարի, և պետությունները պետք է շարունակեն միասնական ճակատով պայքարել դրա դեմ, որովհետև դա համամարդկային չարիք է։

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարն իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Կոստանյանը։

Իրանի ժողովրդին և այս ողբերգությունից տուժած ընտանիքներին Հայաստանի կառավարության խորին կարեկցանքը փոխանցեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարևորելով երկու ժողովուրդների միջև ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումն՝ ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ`իր բոլոր ձևերով։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և ներկայացուցիչները ողջունել են այս համերաշխության ժեստը։ Երկխոսության ընթացքում ընդգծվեց միջազգային համագործակցության կարևորությունը ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:

Հանդիպման ընթացքում վերահաստատվեց երկկողմ հանձնառությունը` հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ համատեղ աշխատանքի համար: Իմ այս այցը Իրանի դեսպանատուն կարևոր քայլ էր՝ դրսևորելու Հայաստանի աջակցությունն Իրանին դժվարին ժամանակահատվածում՝ ամրապնդելով երկու երկրների միջև հարատև բարեկամությունը»- ասաց Քերոբյանը։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, հայ պաշտոնյաներին և Իրանին և Իրանի ժողովրդի բարեկամներին ցավակցական խոսք և զորակցություն հղելու համար։

«Այն, որ նման դժվարին պահերին իրար կողքին ենք, մեր խորը բարեկամական և պատմական հարաբերությունների մասին է վկայում։ Կեցցե՛Հայաստանը։ Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը։ Կեցցե՛ Իրանը։ Կեցցե՛ Իրանի ժողովուրդը»,- ընդգծեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ այդ ահաբեկչությունը ցույց է տալիս, որ Իրանի թշնամիները վախենում են գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի համակիրներից և նրան նվիրված միջոցառումներից։

Դեսպանն ընդգծեց, որ ավելի վճռական են պայքարելու ահաբեկչության դեմ։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով պայթյունների հետևանքով զոհվել է 88 մարդ։

Հայերեն English Español فارسی 中文

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին