Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Վասիլիս Մարագոսը զրույցի ընթացքում ընդգծել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Վասիլիս Մարագոսը զրույցի ընթացքում ընդգծել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երևան և Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձևաչափերով կայացած քննարկումների արդյունքները՝ գոհունակություն հայտնելով քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև ոլորտային ուղղություններով ակտիվ երկխոսության կապակցությամբ և նախանշելով գործընկերության խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում ծրագրվող միջոցառումներին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և դրանց ԵՄ շարունակական աջակցության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը, վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում