Մեդիագրագիտության առումով Հայաստանը շատ մեծ խնդիրներ ունի․ Ժաննա Անդրեասյան
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի դպրոցներում, բուհերում, գրադարաններում, տարբեր կրթական հաստատություններում կանցկացվեն մեդիագրագիտության դասեր, խաղեր, հանդիպում-քննարկումներ փորձագետների և լրագրողների հետ, համալսարաններում՝ թեմատիկ բանավեճեր և դասախոսություններ. մեկնարկել է նոյեմբերի 6-12-ը «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում. պատերազմին զուգահեռ» խորագիրը կրող Մեդիագրագիտության շաբաթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած «Մեդիա և ինֆորմացիոն գրագիտությունը թվային միջավայրում» գլոբալ շաբաթվա շարունակությունն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն վեցերորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
«Այսօր ավելի քան ակնհայտ է, որ մեդիագրագիտությունը դառնում է ժամանակակից մարդու և քաղաքացու ամենակարևոր ունակություններից մեկը: Կարևոր չէ՝ որ տարիքի ու խմբի մասին ենք խոսում: Այս շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումներին շատ ակտիվ մասնակցություն են ունենում կրթական հաստատությունները, սովորողները, ծրագրեր կան ուղղված ուսուցիչներին, սովորողներին: Մեդիագրագիտությունը ունիվերսալ հմտություն է, որն այսօր պետք է ցանկացած իրավիճակում»,- իր խոսքում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծեց՝ մեդիագրագիտության առումով Հայաստանը շատ մեծ խնդիրներ ունի:
«Բոլորս տեսնում ենք ապատեղեկատվական հոսքերի տարածումը, դրա հանրային արձագանքը, որը նշանակում է՝ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք մեդիագրագիտության հետ կապված: Սուտ կամ սխալ տեղեկատվության տարածումը ցույց է տալիս, որ մարդիկ տեղեկատվության ստուգման, աղբյուրների համադրման ամենատարրական գործողությունները չեն իրականացնում: Սա նաև ցույց է տալիս մեդիայի որակը, որի լուծումը պրոֆեսիոնալ կրթության և պրոֆեսիոնալ դատի որակի մեջ է, երբ լրագրողական դաշտում կգործեն այն կանոնները, որոնք թույլ չեն տա ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածած լրատվամիջոցին շարունակել դիրքեր գրավել»,- շեշտեց նախարարը:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում գրագետ մեդիա սպառող ու մեդիա ստեղծող լինելն անհրաժեշտություն է, և դպրոցը լավագույն հարթակն է այս հմտությունները տարածելու, քննադատական մտածողությամբ քաղաքացիներ կրթելու համար։

«Մեդիագրագիտության շաբաթը դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ: Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում ոչ թե ոլորտի խնդիրներն ենք փորձում լուծել, այլ, կարևորելով մեդիագրագիտությունը, տարբեր միջոցառումներով փորձում ենք տարվա բոլոր շաբաթների ընթացքում այն մեր առօրյայի մաս դարձնել: Այսպիսով նաև նպատակ ունենք, դպրոցական տարիքից սկսած, ձևավորել քննադատական, վերլուծական մտածողություն»,- ասաց նա:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը նշեց՝ երիտասարդների ակտիվ ներգրավումն այս գործընթացներում առաջնային է:
«ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմը՝ որպես ամբողջություն, շարունակական գործընթաց է, և մենք էլ ներգրավված ենք այդ գործընթացում: Մեդիագրագիտությունը անմիջական մաս է կազմում ԶԼՄ-ների ազատության: Մեդիագրագիտությունն ուղղված է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, հատկապես թվային ոլորտում, և այս ամենը միավորելը հենց այն է, ինչ մենք անելու ենք՝ միասին համագործակցելով։ Մենք արդեն գիտենք, որ Հայաստանը իսկապես առաջնային տեղ ունի այս ոլորտում»,- նշեց դեսպանը:

Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթն այս տարի անցկացվում է «Երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում: Վերջինն իրականացվում է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
«Արտակարգ իրավիճակները՝ համավարակը, տարածաշրջանային հակամարտությունը մեդիագրագիտությունն էլ ավելի կարևոր են դարձնում և պահանջում, որ մեդիա և տեղեկատվություն սպառողները կարողանան ճիշտ կողմնորոշվել և տարբերակել ճիշտ ու սխալ տեղեկատվությունները»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը կարևորեց մեդիագրագիտությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր գործիք է ժողովրդավարական երկրների համար: Նրա խոսքով՝ այն թույլ է տալիս քաղաքացիներին դիմադրել ապատեղեկատվության արշավներին:

«Մեդիագրագիտությունը խթանելը մեծ նշանակություն ունի իրազեկ քաղաքացիական հանրույթ ստեղծելու առումով՝ պահպանելով ժողովրդավարական արժեքները, մշակութային ընկալումները, ապահովելով տնտեսական և սոցիալական բարօրություն բնակչության տարբեր խմբերում»,- ասաց նա:
«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Մեդիագրագիտության շաբաթը իրականացվում է նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։