Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14 րոպեի ընթերցում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը, որը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով կազմակերպվող առաջին համաժողովն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ԿԳՄՍ նախարարության, մարզական ֆեդերացիաների, Երևանի և ՀՀ մարզերի մարզադպրոցների, ինչպես նաև գործընկեր մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ քննարկումները պարբերական դարձնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նպատակ կա ֆորումը վերածելու ամենամյա հարթակի. «Սա լավ առիթ կլինի սպորտի ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների և ներկայացուցիչների համար՝ հավաքվելու, ամփոփելու կատարված աշխատանքը, քննարկելու առաջիկա անելիքներն ու համատեղ ծրագրերը, ինչպես նաև դրանց առավել արդյունավետ իրականացման հնարավորությունները»։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է՝ ֆորումի օրակարգն ընդգրկում է սպորտի ոլորտում Կառավարության ռազմավարական հիմնական ուղղությունները՝ բարձր նվաճումների և մասսայական սպորտից մինչև ենթակառուցվածքների զարգացում, պետություն-մասնավոր համագործակցություն, միջազգային մրցաշարերի անցկացում և ոլորտի թվայնացում։
Սպորտի ոլորտի պետական հատկացումներն էականորեն աճել են
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտի պետական ֆինանսավորման ցուցանիշները. «Մասսայական սպորտին ուղղված պետական հատկացումների՝ 2018 թվականի համեմատ 15 անգամ աճ ունենք, իսկ բարձր նվաճումների սպորտի ուղղությամբ՝ գրեթե 5 անգամ։ Սա նշանակում է, որ սպորտին ուղղված պետական հատկացումներն ավելի մեծ ծավալով են աճել»:
Նախարարը շեշտել է, որ ֆինանսավորման ավելացումն ուղղվում է կոնկրետ թիրախների և ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ մարզական ենթակառուցվածքների զարգացմանը։ Այդպիսի աշխատանքներ իրականացվել են նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ անցկացվել է համաժողովը: Նշվել է, որ քոլեջի 55-ամյա պատմության ընթացքում միայն վերջին հինգ տարում կատարված հատկացումների ծավալն այնքան մեծ է եղել, որ մինչ այդ կատարված հատկացումները դրա նույնիսկ 10 տոկոսը չեն կազմել։
«Այս ամենը նոր մարզական ենթակառուցվածքներ և հնարավորություններ է ձևավորում, ինչը, մի կողմից, մարզական կրթության համար նոր պայմաններ է ստեղծում, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս մարզական ֆեդերացիաներին իրենց միջոցառումների և ծրագրերի շրջանակում համագործակցել քոլեջի հետ և օգտվել այս ենթակառուցվածքներից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով արդեն շահագործվող ծանրամարտի դահլիճը, որը լավ հարթակ է դարձել Ծանրամարտի ֆեդերացիայի համար։
Ժաննա Անդրեասյանն ավելացրել է՝ նախարարության բյուջեով, սուբվենցիոն ծրագրերով և այլ նախաձեռնությունների շրջանակում միայն նախորդ տարի աշխատանքներ են իրականացվել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքներում։
Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց
Կառավարության նոր ծրագրում, ըստ նախարարի, ավելի մեծ շեշտադրում է նախատեսվում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի օրինակով նախատեսվում է իրականացնել նաև շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոցների կառուցման, վերակառուցման և նոր գույքով հագեցման ծրագիր։
«Պետությունը երբեք մարզադպրոցների պայմանների բարելավման և արդիականացման ուղղությամբ համակարգված ու հետևողական քաղաքականություն չի ունեցել։ Ունեցել ենք առանձին միջոցառումներ՝ որոշ անհրաժեշտ և հիմնականում հրատապ հարցեր լուծելու համար, սակայն հիմա այս համակարգված և հետևողական ծրագրով կարողանալու ենք մեր շուրջ 50 մարզադպրոցներ ամբողջությամբ բերել նոր, ժամանակակից պայմանների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա գնահատմամբ՝ ժամանակակից ենթակառուցվածքները պետք է ոչ միայն նպաստեն բարձր նվաճումների սպորտի զարգացմանը, այլև փոխեն հասարակության վերաբերմունքն առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության նկատմամբ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում անդրադարձել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ տարիներ շարունակ ձևավորված վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ երեխաների ֆիզիկական առողջության և սպորտով զբաղվելու ցուցանիշներն էական անկում են գրանցել:
Նրա խոսքով՝ այսօր դեռ կան դպրոցներ, որոնք մարզադահլիճ չունեն, և դրանց ամբողջական վերակառուցման շրջանակում զրոյից կառուցվում են նաև մարզադահլիճներ։ Կառավարության նոր ծրագրով նպատակ է դրվել, որ յուրաքանչյուր երեխա հասանելիություն ունենա սպորտային ենթակառուցվածքներին և հնարավորություն ստանա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։
Պետություն-մասնավոր համագործակցությամբ մարզահամալիրներ՝ խոշորացված համայնքներում
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի ներգրավումը՝ նշելով, որ պետությունը չի նախատեսում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ամբողջ գործընթացն իրականացնել միայնակ։
Նրա խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցությունը զարգացում է ապրում երկու հիմնական ուղղությամբ։ Առաջինը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտային ենթակառուցվածքների ստեղծումն է։ Խոշորացված համայնքներում նախատեսվում է կառուցել տիպային մարզահամալիրներ, որոնցից երեքի՝ Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում նախատեսվող կառույցների շինարարության մրցույթներն արդեն հայտարարված են։ Պետության կողմից կառուցվելուց հետո նախատեսվում է այդ մարզահամալիրները հանձնել մասնավոր հատվածին՝ հավատարմագրային կառավարման։
Երկրորդ ուղղությունը մասնավորի կողմից տնօրինվող կամ շահագործվող մարզական ենթակառուցվածքներում առաջնահերթ պետական ծրագրերի ֆինանսավորումն է։ Արդեն ֆինանսավորվում են երեխաների լողի պարապմունքները, իսկ մարզաձևերի ցանկն ընդլայնվել է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մասնավոր հրաձգարաններն ու դահուկավազքի ենթակառուցվածքները ևս կարող են ներգրավվել ծրագրում, ինչի արդյունքում երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։
Վարչապետի գավաթներին մասնակցում է շուրջ 25 հազար դպրոցական
Մասսայական սպորտի զարգացման համատեքստում նախարարը կարևորել է նաև մրցակցային միջավայրի ձևավորումը և «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի անցկացումը։ Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարվա արդյունքներով այդ մրցաշարերին մասնակցել է շուրջ 25 հազար դպրոցական։ Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցուցանիշը բարելավվել է առաջին տարվա համեմատ, սակայն դպրոցահասակ երեխաների ընդհանուր թվի համատեքստում այն դեռ բավարար չէ։ Մրցաշարերի և դպրոցներում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմամբ նախատեսվում է հետևողականորեն ավելացնել մասնակիցների թիվը։
Յուրաքանչյուր տարի՝ առնվազն երկու միջազգային խոշոր առաջնություն Հայաստանում
Սպորտի միջազգայնացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է՝ նպատակներից մեկը Հայաստանը միջազգային մրցաշարերի կազմակերպման կայուն հարթակ դարձնելն է։
«Կառավարության նոր ծրագրով մեր առջև յուրաքանչյուր տարի առնվազն երկու օլիմպիական մարզաձևից Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն հյուրընկալելու խնդիր ենք դնելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանը վերջին տարիներին միջազգային մրցաշարեր անցկացնելու զգալի փորձ է կուտակել, իսկ յուրաքանչյուր նոր առաջնություն նպաստում է կազմակերպչական կարողությունների զարգացմանը։ Որպես ամենավառ օրինակ՝ նա մատնանշել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը՝ նշելով, որ, չնայած տեխնիկական և կազմակերպչական բարդություններին, այն անցկացվել է բարձր մակարդակով։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանում նախատեսվում են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը՝ տասը մարզաձևերի ընդգրկմամբ, ինչպես նաև մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը, կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը և այլ մրցաշարեր:
Ֆուտբոլի նոր մարզադաշտի կառուցում Իջևանում, վերակառուցում՝ Վանաձորում
Միջազգային խոշոր միջոցառումների շարքում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին ընդառաջ՝ Իջևանում նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի պահանջներին համապատասխան 10 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ, իսկ Վանաձորի մարզադաշտը նախատեսվում է վերակառուցել։
Նախարարը միաժամանակ շեշտել է, որ սպորտի միջազգայնացումը ենթադրում է նաև միջազգային չափանիշների և արդար սպորտի կանոնների ապահովում, համապատասխան կոնվենցիաներին միացում, ինչպես նաև մրցավարության որակի բարձրացում և միջազգային կարգի հայ մրցավարների թվի ավելացում, ինչը, նրա դիտարկմամբ, առանցքային նշանակություն ունի։
Թվայնացումը՝ առաջնահերթ ուղղություն
Ֆորումի մյուս կարևոր շեշտադրումը սպորտի ոլորտի թվայնացումն է։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումն առաջնահերթ ուղղություն է։
«Այս ամբողջ ծավալի աշխատանքը չի կարող արդյունավետ իրականացվել, եթե չունենանք պատշաճ թվային գործիքակազմ, որը կարող է թե՛ մեր բոլորի կյանքը էապես հեշտացնել, թե՛ բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանրության տեսանկյունից»,- ասել է նախարարը։
Մասնավորի հետ համագործակցությամբ կանցկացվի Սպորտ էքսպո
2027 թվականին Հայաստանում պետություն-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է անցկացնել Սպորտ էքսպո: Նախաձեռնության նպատակն է Հայաստանում մեկ հարթակում համախմբել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների, հայ և միջազգային ճանաչում ունեցող մարզիկների, ինչպես նաև սպորտային ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների։
«Սա մեզ համար ամբողջությամբ նոր փորձառություն է. նման բան Հայաստանում չի կազմակերպվել։ Հատկապես ուրախալի է, որ առաջարկը եղել է մասնավորի կողմից։ Սա սպորտի տնտեսականացման շատ կարևոր խթան է լինելու»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության բոլոր կողմերին համատեղ աշխատանքի համար։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ էքսպոյում ներգրավված կլինեն նաև տարբեր կրթական հաստատություններ, որոնց համար այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու տեսանելիությունը, ձեռք բերելու նոր գործընկերներ և իրականացնելու համատեղ ծրագրեր։ Քննարկվում է նաև էքսպոն սպորտի ոլորտում «Տարվա լավագույններ» մրցանակաբաշխությամբ ամփոփելու հնարավորությունը։
«Sport Space Foundation» հիմնադրամի ներկայացուցիչ Խորեն Աբրահամյանի խոսքով՝ միջազգային կարգի մարզիկների ներգրավման ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում, իսկ նախագիծը նախատեսվում է դարձնել շարունակական։ Նա տեղեկացրել է՝ Էքսպոյի շրջանակում կներկայացվեն մարզագույք, սպորտային հագուստ և սնունդ, ինչպես նաև սպորտին ու առողջ ապրելակերպին առնչվող այլ արտադրանք և ծառայություններ։ Նախատեսվում է Հայաստան հրավիրել նաև արտասահմանյան ճանաչված ընկերությունների ներկայացուցիչների։ Առանձին տաղավարներ են նախատեսվում մարզիկների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց հմտությունները, շփվելու և փորձով փոխանակելու։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև բարեգործական բաղադրիչ:
Ամփոփելով՝ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների առաջին ֆորումը կդառնա շարունակական հարթակ՝ ոլորտի խնդիրները, անելիքներն ու զարգացման ուղղությունները պետության, մարզական կառույցների և մասնավոր հատվածի մասնակցությամբ քննարկելու համար։

Ֆորումի շրջանակում քննարկվել են նաև Սպորտի կառավարման կենտրոնի և ֆեդերացիաների համագործակցությանը, ֆիթնես կենտրոնների գործունեությանն ու մարզիչների հավաստագրման նոր կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի առաջնությունների կազմակերպման որակի բարձրացմանն առնչվող հարցեր։
