Հասարակական

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը

3 րոպեի ընթերցում

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու հարցում պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն, դիմել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի պահեստապետ Գ. Գ.-ին: Վերջինս էլ, կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, նշված հարցով դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, ով ընդունել է կաշառքի առաջարկը:

Այնուհետև Է. Ա.-ն, իր ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու՝ վերջինիս մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու համար, պահեստապետ Գ. Գ.-ի օժանդակությամբ, զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ ՌՈ բաժանմունքի պաշտոնատար անձանց աշխատասենյակներում հայտնաբերվել է առանց օրինական հիմքերի պահվող զինամթերք:

26.10.2023 թ.-ին ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն, վերջինիս կաշառք տված Ս. Հ.-ն և նրան օժանդակած Գ. Գ.-ն ձերբակալվել են:

Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Գ. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Է. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում