Երկխոսություն գեղանկարչության ու երաժշտության միջև. ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Մլքեյանի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ցուցասրահներում, ծանոթացել նմուշներին: Տիգրան Մանսուրյանը պատմել է Հակոբ Հակոբյանի մասին հուշեր, Արտավազդ Փելեշյանի նկարի ստեղծման պատմության, Ժանսեմի հետ մտերմության մասին:

«Հակոբ Հակոբյանի յուրաքանչյուր կտավ բարոյականության դաս է իր մաքրությամբ»,- ասել է մաեստրոն անվանի գեղանկարչին բնորոշելիս:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել մեծանուն արվեստագետներին հանդիպման համար և շեշտել նրանց լսելու, ոլորտի խնդիրները միասին արձանագրելու և լուծումներ փնտրելու կարևորությունը:

«Մեզ համար կարևոր է ավագ սերնդի փորձառությունն ու ստեղծած արժեքները երիտասարդների՝ մեր ժամանակներում ստեղծվող նորարար գաղափարներին կամրջելը: Այն ազգը, որը մոռանում է անցյալը, չի կարող կառուցել իր ներկան: Դուք ձեր անցած ճանապարհով, արժեքաբանությամբ ստեղծել եք այն ամուր հողը, որի վրա մեր երիտասարդները պետք է զարգացնեն իրենց ներուժը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ դիմելով երաժշտարվեստի երախտավորներին:

Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք դեռ լսարան չունեն, և պետք է ամեն կերպ խրախուսել նրանց: «Այս սերունդը հոգատարության կարիք ունի»,- ասել է Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն նաև տեղեկացրել է, որ միջնադարյան տաղերգու Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա երաժշտական շարք է գրել, որը կրում է «Հայրեններ՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» խորագիրը: Շարքը դեռևս չի ձայնագրվել:

Ոգեշնչվելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից՝ Դանիել Դանիելյանը, Տիգրան Մանսուրյանը և Ռուբեն Մլքեյանը քննարկել են գեղանկարչության և երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու և երիտասարդ կատարողներին ներգրավելու գաղափարը. Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր սրահներում երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցաբար հնչեցնել թե՛ Մանսուրյանի հայրենների շարքը, թե՛ նրանց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը ներկայացրել է երգչախմբի գործունեության մանրամասները, առկա խնդիրները, ձեռք բերած հաջողությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է նաև ոլորտում մեկենասության մշակույթի ներդրման կարևորությունը՝ արվեստի հանրահռչակման, պետության հետ այս ուղղությամբ համագործակցության տեսանկյունից:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև առաջիկա անելիքներին, համերգային ծրագրերին, ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով