Միջազգային

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2150-ի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2150-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից 4 օր անց երկու կողմերում զոհերի թիվը հասել է 2150-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1200-ի։ Նրանց գերակշռող մասը քաղաքացիական անձինք են։ Պաշտոնյան շեշտել է, որ զոհերի թվի աճի պատճառը ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից նոր հարվածներն են, այլ այն, որ տարբեր թաղամասերում որոնողական աշխատանքների արդյունքում նոր մարմիններ են հայտնաբերվում։

Իր հերթին Պաղեստինի առողջապահության նախարարը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 950-ի։

Հորդանան գետի արևմտյան ափում հազարավոր պաղեստինցիներ ցույցի են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելով Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների դեմ։

ՄԱԿ-ի հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ Գազայում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 260 000 մարդ է տեղահանվել։ Գազայի հատվածում ապրում է 2,3 միլիոն մարդ, այն համարվում է աշխարհում ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը։

Ինչպես հաղորդում է WAM գործակալությունը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը 20 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն է ուղղել պաղեստինցի ժողովրդին մարդասիրական աջակցության տրամադրմանը։ Խոցելի բնակչության համար նախատեսված օգնությունը կմատակարարվի ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում