Ինքն իրեն կորցնելուց մինչև ինքն իրեն գտնելը. Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը, գրական գործունեությունն ու անելիքները

17 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, լրագրող Սյունե Սևադան չի վախենում գրականության միջոցով խոսել իրեն հուզող հարցերի մասին. ինչպես ինքն է ասում՝ չի սիրում հարմարավետության սահմաններ, գուցե հենց դրա շնորհիվ թե՛ երիտասարդների, թե՛ հասուն ընթերցողի գրապահարաններում տեղ զբաղեցրած «Կախվածություն» պատմվածքների ժողովածուից հետո գրեց իր համար փորձարարական «Աղի թեյ» վեպը:

Վեպը և՛ անձնական է, և՛ համամարդկային, և՛ հարցեր է առաջ քաշում, և՛ պատասխաններ տալիս:

Գիրքը մեկ շնչով ընթերցելուց հետո «Արմենպրես»-ի թղթակիցը հեղինակի հետ զրուցել է Սյունե Սևադա գրողի, գրականության, վեպի հերոսների, նրանց ապրումների ու ցանկությունների մասին:

-Գրքին նվիրված փառատոններից մեկին մասնակցելիս ծանոթացա Ձեր «Կախվածություն» պատմվածքների ժողովածուին: Սեր, հիասթափություն, հրավառություն… Կան գրողներ, որոնք մնում են պատմվածքների ժանրում, և նրանց այդպես էլ չի հաջողվում վեպ գրել: Ձեզ հաջողվեց: «Աղի թեյ»-ն ինքնաբերաբա՞ր է ծնվել, թե՞ վաղուց կար մտահղացումը:

-Սովորաբար մարդիկ պատմվածքների հրատարակմամբ են սկսում իրենց գրական ուղին, գրողի ճանապարհը: Իմ պարագայում «Կախվածություն» գիրքը պատմվածքների ավարտն էր:

Պատմվածքներ գրում եմ 15-16 տարեկանից, բայց գիրքը հրատարակվեց, երբ 24 տարեկան էի: Ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ անցնել ավելի մեծ տեքստերի, ինչն իրականում գիտակից որոշում էր: Ուզում եմ ավելի բարդ փորձարկումներ անել, որովհետև պատմվածքն այն հարթակն է, այն տարածքը, որտեղ ինձ լավ եմ զգում: Կարծում եմ՝ գրողի համար պարբերաբար անհարմարություն զգալը կարևոր է, որովհետև առանց դրա դու չես աճի թե՛ որպես գրող, թե՛ որպես անհատ: «Կախվածություն»-ն ամփոփում էր և՛ որպես գիրք, և՛ որպես կյանքի տվյալ փուլ: Երբ այն Սյունեին համեմատում եմ «Աղի թեյ»-ի Սյունեի հետ, տեսնում եմ ակնհայտ տարբերությունը: «Աղի թեյ»-ի պարագայում ինձ այլ խնդիրներ էին հետաքրքրում, իսկ պատմվածքները հույզերի փաստագրում էին: Ավարտուն եմ համարում պատմվածքների փուլը. չեմ կարծում, որ ևս մեկ ժողովածու կլինի:

-Ամեն դեպքում երբեք մի ասա երբեք: Իսկ «Աղի թեյ»-ի սյուժեն արա՞գ է կառուցվել, թե՞ երկար փնտրտուքների արդյունք է:

-Այն պարբերաբար փոխվել է. երկու բան էր հիմնային՝ Ալեքսի կերպարը, որ շատ արագ ծնվեց, և աղի թեյին վերաբերող պատմության գիծը, որն անձնական փորձի հիման վրա է: Խոսքն այն հատվածի մասին է, որտեղ հերոսուհին աղի թեյ է խմում: Կորոնավիրուսի ժամանակ հանդիպեցի դասընկերուհիներիցս մեկին, ով ասաց. «Սյուն, գիտե՞ս, երբ քեզ տեսնում եմ, մտածում եմ, եթե մեր դասընկերներն իմանային, որ հանրային մարդ ես դառնալու, աղի թեյի դեպքը կլինե՞ր: Հիշո՞ւմ ես դա»: Զարմացա, որ դեռ կա մեկը, որ հիշում է այդ պատմությունը: Մինչ ես կհասնեի տուն, իմ մտքում արդեն ձևավորվել էր այն գաղափարը, որ ցանկանում եմ այդ պատմությունը գրել, բայց՝ փոփոխված: Օրինակ՝ մեր դպրոցում ճաշարան չկա, ես շատ սիրել եմ իմ դպրոցը, և իմ ուսուցիչները շատ լավն են եղել: Առաջին դեմքով է գրվել գիրքը, և իմ առաջ դպրոցը չարատավորելու, զուգահեռներ չտանելու խնդիր էր դրված, որովհետև գիրքը և՛ իմ մասին է, և՛ իմ մասին չէ: Վախենում էի դպրոցին ինչ-որ կերպ վնասել, որովհետև իրականում աղի թեյի դեպքը երեխայական բան էր: Որոշեցի ամեն դեպքում պատմել այդ պատմությունը, հետո բուլինգի թեման բարձրացնել: Հետո Ալեքսի կերպարը ծնվեց, որ երկար եփվում էր մտքումս: Ես փորձում էի մեծերի մասին գրել:

-Ալեքսը հավաքակա՞ն կերպար է:

-Նա իրական չէ: Գրքում նկարագրվող սրճարանը, որը Կասկադում է, ևս իրական չէ, բայց շատերին եմ խոստացել, որ հարստանալու դեպքում ինքս եմ նման սրճարան բացելու: Սկզբում Ալեքսին կարողացա կապել աղի թեյի հետ, հետո եկավ Նենէի կերպարը: Գիտակցում էի, որ ինձ և Նենէին նույնականացնելու են, բայց որոշեցի գրել: «Աղի թեյ»-ն ինձ համար փորձարարություն էր: Ոլորտում կային մարդիկ, որոնք ասում էին՝ շատ դժվար է պատմվածքներից դեպի վեպ թռչելը: Գրում են վիպակ, ևս մեկ ժողովածու և այլն, սակայն ես հարմարավետության տարածքներ չեմ սիրում: Կարող եմ գրել ևս մեկ «Կախվածություն», և այն կհաջողի, բայց ինձ համար կարևոր էր որպես գրող աճելը:

Պատմվածքներ գրելը փորձված գետ է, բայց այն կարող է մի օր քեզ խեղդել, եթե դու չլինես էքսպերիմենտալ. մեր մասնագիտությունն է այդպիսին. պետք է բարդ բաներ փորձել, չվախենալ սխալվելուց: Այս տարի լրանում է «Աղի թեյ» գրքի հրատարակման մեկամյակը, բայց ես վստահ չեմ այն հաջողե՞լ է, թե՞ ոչ: Ընթերցողները սիրում են գիրքը, իսկ ես մտմտում եմ՝ արդյոք ա՞յն էր, ինչ ցանկանում էի գրել:

-Ինչպես այլ ընթերցողներ, ես ևս գիրքը կարդալիս Նենէի կերպարում Ձեզ էի պատկերացնում: Գրողները հաճախ են խոստովանում, որ իրենցից մի մասնիկ կա կերպարներում:

-Այդպես է:

-Հիշում եմ՝ զրուցում էի Գուրգեն Խանջյանի հետ, և նա ասաց՝ իր գրքերի բոլոր կերպարներում ինքն է:

-Եթե չեմ սխալվում, Խանջյանը շատ է սիրում շնամարտեր, և ինքն էլ շուն ունի: Սովորաբար գրողները տեսքտերում թաքցնում են շատ սուր էմոցիաներ, այն, ինչը շատ ցավեցրել է, այն, ինչը շատ սիրել են: Փոքր հուշումներ ես տալիս. հավանաբար դա գրողի համար ինքնավերլուծության ու թերապիայի նման բան է դառնում, որովհետև գրելով՝ դու քեզ տեսնում ես կողքից ու շատ բաներ հասկանում: «Աղի թեյ»-ի պարագայում ինձ համար շատ բան բացահայտեցի:

-Տարիներ առաջ «Ճամփորդ» ամսագրում պարբերաբար ընթերցում էի Ձեր հոդվածները, որոնք լի էին ասելիքով: Գուցե սխալվում եմ, բայց «Աղի թեյ»-ի առանցքային հերոսներից մեկի՝ Իդայի կերպարում տեսա ամսագրի հիմնադրին՝ լուսահոգի Արիանա Կաոլիին, որի մասին Դուք միշտ ջերմ գրառումներ եք կատարում:

-Իդայի կերպարը չկար, մինչև Արիանայի մահը: Երկար ժամանակ այս մասին չէի խոսում, որովհետև վախենում էի, որ, եթե ինձ նույնականացնում են Նենէի հետ, և ես ունեմ իրավունք և հնարավորություն ասելու, որ այնքան էլ այդպես չէ, Արիանայի պարագայում նա իրեն պաշտպանելու հնարավորություն չունի: Հետո մտածում էի, որ սա այնքան Արիանայի մասին չէ, ինչքան մահն էր ցնցել ինձ: Ես վերցրել եմ վթարը, դժբախտ պատահարը և միան դա: Չեմ ուզում մնացածը նույնականացվի Արիանայի հետ: Վթարն է և իմ ապրումներն են՝ կապված այդ վթարի հետ, մնացածը հորինված է: Չէի ցանկանում կարծիք ձևավորվի, որ ես փորձում եմ ուշադրություն գրավել Արիանայի անունով: Իրականում ուզում էի գիրքը նվիրել նրա հիշատակին: Մհեր Դավոյանին՝ մեր շատ սիրելի խմբագրին նվիրված պատմվածք ունեմ, որը տեղ է գտել «Կախվածություն» գրքում: Ի դեպ՝ Ալեքսի կերպարում Մհերից պատառիկներ կան: Մհերը Ռազմիկ Դավոյանի որդին էր, հրաշալի մարդ, որը ևս կյանքից հեռացավ: «Ճամփորդ»-ի անձնակազմով շատ մտերմացել էինք, և մեր հիմնադիրների մահերը մեզ տապալեցին:

Մի խոսքով՝ վթարի միտքը եկել է Արիաննայի հետ կատարված դժբախտ դեպքից հետո, իսկ երաժշտությունը, որը գրքում դեր ունի, ինձ հետ առնչություն ունի: Երկար տարիներ երգել եմ, և երաժշտությունն իմ մեծ սերն է եղել, մինչև ձայնս կորցնելը, ինչի պատճառով չկարողացա կոնսերվատորիա ընդունվել և հասկացա, որ երաժշտությանն ամենամոտը, հավանաբար, գրելն է:

-«Աղի թեյ»-ի կերպարները շատ տարբեր են. նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական դրաման, երջանիկ զգալու եղանակները, ցանկություններն ու երազանքները: Չենք մոռանում նաև Վանին, որը ևս հետաքրքիր հերոս է: Գիրքն ընթերցելիս ամեն մեկը յուրովի է ընկալում նրանց, իսկ ըստ Ձեզ՝ իրականում, ի՞նչ էին ուզում հերոսները, հասա՞ն իրենց նպատակներին:

-Ընթերցողները միշտ հարցնում են, թե պատմությունը շարունակություն ունի՞, պատասխանում եմ, որ Ալեքսն ամուսնացել է, Նենէն ու Վանը նշանվել են և այլն: Կերպարներն ապրում են: Կարծում եմ՝ նրանք փնտրում էին իրենք իրենց: Գիրքը գրելիս ինձ շատ օգնել են «Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ զրույցները, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հասկանում էի, որ «Աղի թեյ»-ի հրատարակման ընթացքում ինձ կորցնելու և նորից գտնելու փուլում էի: Հիմա, երբ գիրքը կարդում եմ, զգում եմ, որ այն անցած փուլ է, ինքս անցել եմ այդ փուլը: Կարծում եմ, որ կերպարների համար ևս այդպես է: Նրանք իրենք իրենց գտնելու, կյանքը փոխելու նպատակ ունեին:

-Պուշկին փողոցում մի սրճարան կար, որտեղ գումար վճարելու պարագայում քեզ տալիս էին բաժակ, որը կարող էիր պատին խփելով կոտրել: Այդպես թեթևության զգացում էր առաջանում: Գրքի հերոսները «Հայֆիլմ»-ի շենքում են ապակիներ կոտրում ու ձերբազատվում բացասական հույզերից: Սյունեն ինչպե՞ս է պայքարում, երբ իրեն նյարդայնացնում են, հունից հանում:

-Շատ եմ վերլուծում, կարդում: Հոգեբանությունն իմ ամենամեծ սերերից է և շատ կարևոր է: Եթե լավ հոգեբանություն չգիտես, պետք է շատ լավ գրականագիտություն իմանաս: Տեքստի հետ աշխատելու կարողությունը, հոգեբանություն իմանալն օգնում են անձնական հարցերում: Խոսում եմ ընկերներիս հետ, հոգեբան ունեմ: Գրում եմ այդ մասին ու դուրս եմ բերում հույզերը, սակայն սովորաբար փորձում եմ վերլուծել ու գտնել զայրույթի պատճառը, տեսնել, թե որտեղից է այն գալիս ու ինչ է հնարավոր անել դրանից խուսափելու համար, հնարավո՞ր չէ ծիծաղել ու անցնել: Այդպես սովորում ես իրավիճակներն ու զայրույթի պատճառները հիմնովին հասկանալ:

-Հետաքրքիր է նաև գրքի շապիկը: Ալեկոծված ծովից դուրս եկող տղամարդն ո՞վ է:

-Այստեղ և՛ Վանն է, և՛ Ալեքսն է, և՛ Նենէն է: Ամբողջ գիրքն է պարան գտնելու և ինքդ քեզ վերև բարձրացնելու մասին: Գուցե գիրքը նաև այն ընթերցողների մասին է, որ գիրքը սիրում են, որովհետև բոլորն էլ այնպիսի փուլում եմ այն կարդում, երբ ցանկանում են խմել աղի թեյերը, ընդունել եղածն ու առաջ շարժվել:

Ես հավատում եմ մարդու ուժին, հավատում եմ, որ ցանկության դեպքում մարդն ինքն իրեն կարող է դուրս բերել այն ամենից, ինչի մեջ հայտնվել է ու փոխել իրականությունը: «Աղի թեյ»-ի հիմնական ասելիքներից մեկը նաև դա էր:

-Չնայած ամբողջ համակրանքին, որ Նենէն տածում էր իր ընկերուհու՝ Իդայի հանդեպ, ի վերջո որոշում է բոլորի առաջ բացել ճշմարտությունը՝ նշելով, որ ճշմարտությունը չասելու պատճառով փթթելու փոխարեն՝ փտում ես: Իրականում այդպե՞ս է: Սյունե Սևադան դառը ճշմարտությունը նախընտրո՞ւմ է քաղցր ստից:

-Մինչ գրքի լույս ընծայումը, հրատարակումից հետո ևս տարբեր աղի թեյեր եմ խմել: «Աղի թեյ»-ն ինձ օգնել է, իմ սեփական գիրքն ինձ օգնել է շատ բաներ հասկանալ կերպարների միջոցով: Այո՛, դառը ճշմարտությունն ավելի ընդունելի է, որովհետև այդ պարագայում չես համառում, չես ձևացնում, որ ամեն բան կարգին է, այլ հասկանում ես, որ խնդիր կա, որը պետք է լուծել: Ինձ համար խնդիրը բարձրաձայնելը կարևոր է, աղի թեյի դառնությունն ու սևությունը պետք է ընդունել, տեսնել մութ կողմերը, որ ունեն բոլորը: Կարելի է դրանք չբարձրաձայնել, բայց ինքդ քեզ համար ընդունելը կարևոր է, հակառակ դեպքում առաջ չես գնա: «Աղի թեյ» գրքի հերոսները բացահայտեցին խնդիրներն ու խոսեցին դրանց մասին: Այո՛, ես կարծում եմ, որ ազնվությունն ու ճշմարտությունը փրկում են հազար ու մի ցավից:

-Ինձ գրավեց նաև այն դրվագը, երբ հրատարակիչն ու գրողը քննարկում են գրականության լեզուն: Ի՞նչ լեզու պետք է ունենա մերօրյա գրականությունը, որ սիրով ընթերցեն թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականության երկրպագուները:

-Կա մի խնդիր, որի մասին հաճախ խոսում է «Նյումեգ» հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանը: Նա հրաշալի մասնագետ է, ֆանտաստիկ մարդ: Վերջերս «Ինչպե՞ս գրել վեպ» թեմայով հանդիպում էր կազմակերպվել երիտասարդ գրողների հետ, որին ես ևս մասնակցում էի: Այնտեղ Նալբանդյանի հետ քննարկվեց հենց այդ հարցը: Ըստ նրա՝ հայ գրականության մեջ հաճախ բոլոր կերպարները խոսում են նույն լեզվով: Օրինակ՝ Րաֆֆու «Սամվել» վեպը. մայրը, հայրը, Սամվելը խոսում են նույն լեզվով: Այսինքն՝ եթե անունը փակում ես ու կարդում տեքստը, չես հասկանա, թե հեղինակն ով էր, ով է դա ասում: Ոճը, խոսքի ռիթմը, ասելիքը. տպավորություն է, որ խոսում է նույն մարդը, ուղղակի տարբեր բաների մասին: Լեզուն նույնն է: Համակարծիք եմ պարոն Նալբանդյանի հետ, որ կա լեզվի խնդիր, իսկ գրականությունը շնչող օրգանիզմ է: Հնարավոր է՝ դուք չեք ուզում առօրյա լեզուն տեսնել գրականության մեջ, բայց այն չի կարող չլինել, որովհետև մենք խոսում ենք այդպես: Կարող եմ գրել մաքրամաքուր հայերենով, առանց օտար բառերի, առանց ա-երի, բայց չեմ կարող դա անել, որովհետև կկորցնեմ ոճականությունը, տեքստի ռիթմը:

Ես ևս քննադատության եմ արժանանում, և հիմնականում հասուն տարիքի ընթերցողներն են ընդդիմանում նոր լեզվին: Միայն ես չեմ այդպես գրում, այլև շատերը, ինչի համար ուրախ եմ: Ոսկեղենիկ հայերենը ոչ ոք չի փչացնում, հավաստիացնում եմ: Ուզում եմ հաջորդ գիրքը գրել ավելի գեղեցիկ հայերենով, հետաքրքրված եմ բառարանային բառերով, որոնք ինձ շատ դուր են դալիս, և մտածում եմ, թե որտեղ կարելի է դրանք օգտագործել, բայց ես նաև չեմ վախենում գրել առօրյա լեզվով:

Ինչպե՞ս ենք մենք հագուստը կրում. երեկոյան զգեստով ցերեկը սուրճ խմելու չենք գնում, իհարկե, կարող ենք նման բան անել: Նույնը լեզուն է: Պետք է հասկանալ, թե այն որտեղ և ինչպես ես կրում, իսկ կոնտրաստ ցույց տալու համար պետք է իմանալ դասական լեզվի մտածողությունը, բազան: Օրինակ՝ Խանջյանը վերցնում է լեզվական գիտելիքն ու խաղում դրա հետ: Գրոտեսկի ձևից դու հասկանում ես՝ անկեղծությո՞ւն է, թե՞ մաքուր գրոտեսկ:

-Հետաքրքիր է… Յուրաքանչյուր լրագրող իր պարտքն է համարում զրույցի վերջում տալ այդ հարցը. ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում այսօր, ի՞նչ թեմաներ են Ձեզ հուզում, որոնք գուցե գրական գործի հիմք դառնան:

-Ինձ սկսել են հետաքրքրել 40-50 տարեկանից բարձր մարդիկ: Հասկանում եմ, որ այդ տարիքից հետո կյանքն սկսկում է ընթանալ այլ ռիթմով: Իմ կենսափորձն ինձ դեռ թույլ չի տալիս այդ պատնեշը հաղթահարել: Ինչքան էլ գրականություն կարդաս, հոգեբանություն իմանաս, ընդունում ես, որ կան որոշ հարցեր, որոնք չես կարող լիարժեք ընկալել առանց կենսափորձի: Փորձում եմ հասկանալ, թե հիմա որքանո՞վ կարող եմ անդրադառնալ այդ տարիքային խմբին:

Այն, ինչի վրա աշխատում էի, կարծում եմ՝ իրեն սպառել է: Հավանաբար, կսկսեմ նոր բան գրել, իսկ թե ինչ, դեռ չգիտեմ: Հավատում եմ, որ մի հրաշքով այս տարի հնարավոր կլինի նոր գիրք ունենալ, ուզում եմ, որ ամեն տարի նոր գիրք լույս տեսնի: Տարբեր խնդիրներ են լինում տարվա ընթացքում, որ անհամատեղելի են գրելու հետ, հետո էլ կրկնվելու վախ կա: Չեմ ուզում երկրորդ «Աղի թեյ»-ը գրել: Հարց է ծագում՝ արդյոք ես բավարար փոխվե՞լ եմ մեկ տարվա ընթացքում, որ այլ խնդիրներ վեր հանեմ:

Ուզում եմ իմ անձնական կայքը ստեղծել, հոդվածներ, հարցազրույցներ գրել, որովհետև կարոտում եմ լրագրությունը: Կլինեն նոր պատմվածքներ, իսկ վեպի մասին պետք է մտածել:

-Սյունե, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:

-Ես էլ եմ շնորհակալ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Սյունե Սևադայի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում