Ծաղկունքում խմելու ջրի մատակարարման բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքներն իրականացված են շուրջ 90 տոկոսով
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում շուրջ 90 տոկոսով ավարտված են խմելու ջրի մատակարարման բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի ղեկավար Հրաչ Զալինյանը, Ծաղկունքի խմելու ջրատարի բաշխիչ ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի աշնանից։ Շինարարության իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 616 հազար 79 եվրո։ Ծրագրով նախատեսված է 7100 մետր երկարությամբ խմելու ջրատարի բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքներ եւ 3850 մետր տնային միացումներ՝ 220 բաժանորդի համար։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծաղկունքում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի հիմնախնդիրը, որն անլուծելի էր մնում տասնամյակներ շարունակ։