Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի նվազում, դատական գործերի ավելացում. ԽԱՊԿ զեկույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում, որը ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս առումով ընթացիկ տարում դրական միտում է նկատվում:

«Այս առումով ցուցանիշները գոհացուցիչ են, բայց պետք է ասեմ, որ սա ուղիղ կապ ունի երկրում հասարակական, քաղաքական հանգիստ իրավիճակի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ երբ սրվում է հասարակական, քաղաքական իրավիճակը, ապա ավելանում են լրագրողների վրա հարձակումների դեպքերը։ Դա դարձել է օրինաչափություն։ Լրագրողները գնում են լուսաբանելու բողոքի ակցիաներ, տարբեր տեսակի հանրահավաքներ, ու դրանք վաղուց նրանց համար դարձել են ռիսկային գոտի»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Ի տարբերություն լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի նվազման դրական դինամիկային, այլ պատկեր է լրատվամիջոցներին ճնշելու հարթությունում։ Մասնավորապես՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերի թիվն առաջին կիսամյակում կազմել է 34։ Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 16, երկրորդ եռամսյակում՝ 18։ Աճ է նկատվում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի ցուցանիշում։ Առաջին կիսամյակում գրանցվել է այդպիսի 24 դեպք, որից 8-ն՝ առաջին եռամսյակում, 15-ը՝ երկրորդ եռամսյակում։ 23 դեպք վիրավորանքի և զրպարտության հիմքով է, իսկ 1 դեպք տնտեսական վեճ է։

«Մենք հակված ենք կարծելու, որ դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ունեն ճնշելու միտում, ինչը մտահոգիչ է։ Անտեսվում են արտադատական լուծումները՝ խմբագրություն դիմելը, հերքումի իրավունքից օգտվելը, զանգվածային լրատվամիջոցների ինքնակարգավորման դիտորդ մարմնին դիմելը, տեղեկատվական վեճերի խորհուրդ դիմելը։ Որպես կանոն չեն օգտագործվում դրանք, ու հայց է ներկայացվում դատարան»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրական դինամիկա է նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առնչությամբ։ Մասնավորապես՝ առաջին եռամսյակում այդպիսի 49 դեպք է գրանցվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 24։ Չնայած նման դեպքերի նվազմանը, Աշոտ Մելիքյանը նշեց, որ միևնույնն է, դաշտում բարելավում չի նկատվում։ Գերատեսչությունները շարունակում են խուսափել հարցադրումներից, պատասխանները տրամադրում են ուշացած կամ լղոզված, երբ ոչինչ չի ասվում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը դա նույնպես մտահոգիչ է համարում։

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին