Ազգային երգն ու պարը՝ Դաշտադեմի ամրոցում. Արագածոտնի մարզը հյուրընկալեց «Զարկ-ֆեստ» փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը հուլիսի 21-ին հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին, և՛ Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը:

«Ցանկանում ենք ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, որովհետև մարզերի բնակիչները մշակույթի հետ հաղորդակցվելու սուղ հնարավորություններ ունեն: Մեր նպատակներից է նաև Դաշտադեմի հրաշալի պատմական ամրոցը հանրահռչակելը: Ուզում ենք ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում զբոսաշրջիկները ցանկանում են ճանաչել երկրի պատմամշակութային հուշարձաններն ու ծանոթանալ ժողովրդական արվեստին: Ըստ Սարգսյանի՝ կարելի է այդ երկուսը կազմակերպել մեկ հարթակում, և այդպես կակտիվանա Դաշտադեմի ամրոցը:

«Պետք է զարկ տալ դրան: Հենց այդ նպատակով էլ փառատոնը կրում է «Զարկ-ֆեստ» անունը»,-շեշտեց Արմեն Սարգսյանը:

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանը հիշեցրեց, որ մարզը հիմնականում բնակեցված է Սասունից, Մուշից, Ալաշկերտից գաղթած բնակիչներով, որոնք բերել են իրենց երգը, պարը, մշակույթը:

«Մեր մարզը բազմազան է իր մշակութային շերտերով, գանձերով: Ցանկանում ենք այդ հարստությունը փոխանցել երիտասարդներին: Համագործակցելով տարածքային կառավարման մարմինների, նախարարությունների հետ՝ փորձում ենք միջոցառումներ կազմակերպել, որոնք կպահպանեն մշակութային արժեքները»,-ընդգծեց նա և հավելեց՝ մի քանի օր առաջ Բյուրականում ազգային նվագարաններին նվիրված միջոցառում են անցկացրել, իսկ այժմ՝ «Զարկ-ֆեստ»-ը:

Անդրադառնալով Դաշտադեմի ամրոցին, որը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է, Պողոսյանն ասաց՝ ցավոք, նույնիսկ Հայաստանում այն շատ հայտնի չէ, ուստի փառատոնը կարևոր քայլ է ամրոցը ճանաչելի դարձնելու առումով:

Փառատոնին ելույթ ունեցան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին և այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:

«Ժողովրդական երգը մեր անձնագիրն է, մեր ինքնությունն է, իսկ նման փառատոններն առաջին հերթին հնարավորություն են տալիս ճանաչել մեր թաքնված գանձերը: Ես լսել էի Դաշտադեմի ամրոցի մասին, սակայն առաջին անգամ եմ այցելում այստեղ: Եկել եմ տղայիս հետ: Հաճախ կգանք այստեղ, մեր հյուրերին կբերենք»,-ասաց Վարդան Բադալյանը:

Երգչի համոզմամբ՝ Հայաստանում նման վայրեր շատ կան, պարզապես պետք է բացահայտել դրանք, իսկ փառատոններն այդ անելու լավագույն միջոցն են:

Միջոցառման շրջանակում տարածքում գործում էին նաև տաղավարներ, որոնցում հնարավոր էր գտնել համեղ մրգեր և ուտեստներ: Ներկաները հնարավորություն ունեին անվճար խնոցու թան վայելել: Տաղավարներից երկուսը ծառայում էին էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը:

Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին