Խոսքն ավելի շուտ դիվերսիֆիկացված փոխգործակցության մասին է․ վերլուծաբանը՝ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կողմի հետ ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունն ունի տարիների պատմություն և սկզբունքորեն նոր բան չէ։ Եթե հաշվի առնենք նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջերս Ֆրանսիա կատարած այցը, ապա ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը ձգտում է արևմտյան գործընկերներից երաշխիքներ ստանալ թե՛ անվտանգային համակարգի առնչությամբ, թե՛ առկա մարտահրավերներին դիմակայելու համար ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու, այլընտրանքային տարբերակներ գտնելու նկատառությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ խոսելով ռազմական բնագավառում Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության մասին։

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին, որին շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնավորապես Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Հայկական կողմի ձգտումը միանգամայն հասկանալի է, քանի որ մեր անվտանգության համակարգն արտաքին երաշխիքների մասով որոշակի ճգնաժամի մեջ է՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության և դրանում Ռուսաստանի զբաղվածության հետ։ Այդուհանդերձ, համագործակցությունն ամերիկյան կողմի հետ օբյեկտիվ պատճառներով դեռ կրում է սահմանափակ բնույթ։ Դա առհասարակ դժվար գործընթաց է, և առայժմ Արևմուտքի կողմից տրամադրվելիք երաշխիքներն էլ տեսանելի չեն։ Խոսքն այստեղ ավելի շուտ դիվերսիֆիկացված համագործակցության մասին է, այլ ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգն արմատապես փոխելու»,- ասաց Հարությունովը։

Նրա դիտարկմամբ՝ համագործակցությունն ըստ էության վերաբերում է նշված համակարգի մոդիֆիկացմանը՝ ընդգրկելով նախորդ 20-30 տարիների աշխատանքային փորձը։ Պարզապես վերջին շրջանում Արևմուտքի տեսակարար կշիռն ավելացել է։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի նշանակում, որ արմատական փոփոխությունների համար հայկական կողմն այժմ ունի համապատասխան ռեսուրսներ։

«ԱՄՆ-ում հստակ գիտակցում են, որ Հայաստանն ավելի սերտորեն ինտեգրված է ՀԱՊԿ-ին և անվտանգության ոլորտում ավելի ընդգրկուն կապեր ունի Ռուսաստանի հետ, ուստի միանգամից ինչ-որ բան փոխելն ուղղակի անհնար է։ Բայց մյուս կողմից էլ դա երկրորդական հանգամանք է, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ բավականին արդյունավետ կերպով փոխգործակցում են նույն ԱՄՆ-ի հետ, և ՀԱՊԿ-ում լինելն ամենևին խանգարող գործոն չէ։ Այդուհանդերձ, Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար գերակա տարածաշրջան չի համարվում, և Վաշինգտոնում տեղի երկրները չեն ընկալվում որպես նրանց անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս», -նշեց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ կա այն մտայնությունը, որ սերտ ինտեգրացիան Արևմուտքի հետ կարող է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ մեր տարածաշրջանում։ Երկրորդ՝ ինտեգրման համար կպահանջվեն հսկայական ռեսուրսներ, որոնք սուղ են և հիմնականում ուղղված են ռուս-ուկրաինական հակամարտությանը, բացի այդ, կան նաև Արևելյան Ասիան ու Չինաստանը։ Երրորդ՝ սերտ համագործակցությունը ՀՀ-ի հետ կարող է հարուցել Թուրքիայի դժգոհությունը, քանի որ նույն ամերիկյան կողմի համար Թուրքիան ավելի բարձր դիրքում է, քան Հայաստանը։

«Մեր պարագայում անվտանգության համակարգն ու սպառազինությունների զինանոցը փոխելն անշուշտ ենթադրում է բավականին լուրջ միջոցների, մեծ գումարների առկայություն։ Լավագույն դեպքում կարող է խոսք լինել արևմտյան արտադրության առանձին տարրերի, դրանց սահմանափակ գնումների և դրանք մեր համակարգում ինտեգրելու մասին, ինչպես օրինակ հնդկական սպառազինության պարագայում։ Տեսականորեն ամերիկյան կողմը կարող է մեզ տրամադրել տարատեսակ սպառազինություն, բայց այդ տեխնիկան բավականին թանկ է։ Այնտեղ կան համակարգեր, որոնց ձեռքբերման համար մենք համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ չունենք։ Ի վերջո, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրն առաջին հերթին աջակցում է իր դաշնակիցներին»,- պարազաբանեց վերլուծաբանը։

Հարությունովը մատնանշեց, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ընդհանուր առմամբ զարգանում է ՆԱՏՕ-ում գործող ծրագրի շրջանակում, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ում կառուցվածքային բարեփոխումների, տարատեսակ մասնագետներ պատրաստելու, երկու բանակների օպերատիվ փոխգործակցության, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում ընդգրկված լինելու համատեքստում։

Մանվել Մարգարյան

Լուսանկարը՝ «Sputnik Արմենիա»-ի

Հայերեն English Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր