Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին նշանակալից տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին:

Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։

Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»:

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով։

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ ՌԴ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում