ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի: