Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-23-ը տեղի կունենա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:
Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են: