Բայդենը անակնկալ այցով ժամանել է Կիև և հայտարարել ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթի մասին
2 րոպեի ընթերցում
![Բայդենը անակնկալ այցով ժամանել է Կիև և հայտարարել ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1104553.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այց է կատարել Կիև և հայտարարել Վաշինգտոնի լրացուցիչ ռազմական օգնության մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Guardian պարբերականից:
Անվտանգության մեծ թվով աշխատակիցներով շրջապատված՝ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի նախագահի հետ զբոսնել է Կիևի կենտրոնում` օդային տագնապի ազդանշանի ձայնի ներքո: Հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ երկու երկրների ղեկավարները դուրս են գալիս Միխայլովյան տաճարի տարածքից, այնուհետև գնում են հակամարտության ընթացքում Ուկրաինայի ԶՈւ զոհված զինծառայողների հուշահամալիր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակել Է լուսանկար Կիև ժամանած ամերիկացի առաջնորդի հետ՝ այդ այցն անվանելով աջակցության կարևոր ազդանշան բոլոր ուկրաինացիներին համար: Լուսանկարում Զելենսկին և Բայդենը միմյանց ձեռք են սեղմում: Ի դեպ, Բայդենն իր ժամանման առթիվ Ուկրաինայի դրոշի գույներով փողկապ է կրում։
Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր։ VOA պարբերականը հաղորդում է, որ Բայդենը հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է հրետանային զինամթերք և հակատանկային զինատեսակներ: Բայդենը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ կսահմանվեն: