Հասարակական

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը:

Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական պլանավորման, հանրությանը ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության համակարգերն ու ամրապնդել ինստիտուտները:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և բանտարկյալների հետ վարվեցողության Ասիայի և Հեռավոր Արևելքի ինստիտուտի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նախարարության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում