Պաշտոնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ Ծնունդը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորել է սաղմոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի շնորհավորական տեսաուղերձը հասանելի է վարչապետի պաշտոնական կայքում:

«Տեր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդիր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակիր դեպի քո պատվիրանները և ոչ թե դեպի ագահություն: Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատիր քո խոսքը, որ քո երկյուղի մեջ մնամ: Ազատիր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանիր ինձ»,- մեջբերել է վարչապետը՝ ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս»:

Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները սովորաբար դեկտեմբերի 25-ին: Այն քրիստոնյաների ամենասիրված և ամենասպասված տոնն է: Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնն սկսում է հունվարի 5-ին: Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Հունվարի 5-ի երեկոյան պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդում է մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Ճրագալույցի Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, ծոմով մասնակցում Սուրբ պատարագի և հաղորդություն ստանում: Պահոց ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում հաջորդ օրը: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը արտասանելով «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում