Սպորտ

Հայաստանն այս տարի ռեկորդային թվով մեդալներ է նվաճել տարբեր մարզաձևերում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարի ռեկորդային թվով մեդալներ է նվաճել տարբեր մարզաձևերում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ, կա արդյունք: Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է»,-ասաց նա:

Խոսելով մարզական օբյեկտների կառուցման և շինաշխատանքների ընթացքի մասին` Գիլոյանը շեշտեց, որ Արտաշատի աթլետիկական մարզադաշտը պատրաստ կլինի հաջորդ տարվա ապրիլին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար:

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին:

Մեծ է հավանականությունը, որ 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Անդրադառնալով ձմեռային մարզաձևերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը շուտով կժամանի Երևան: «Ձմեռային մարզաձևերում անելիք շատ ունենք: Մարզագույքը շատ թանկ է, բայց սա արդարացում չէ: Մենք պետք է կարողանանք միջոցներ հայթայթել: Հիմա ձմեռային մարզաձևերի հետ կապված ծրագրերն ամփոփում ենք»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում