Եղանակային պայմանների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեկտեմբերի 16-ին և 17-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր՝ պայմանավորված խիտ մառախուղով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանն ընդգծեց՝ չի կարող հստակ ասել, թե քանի մարդ է այս պահին սպասում թռիչքի, քանի որ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում:

«Չվերթեր կան, որոնք ամբողջովին չեղարկվել են: Ավիաընկերությունները, կարծում եմ, պարզաբանումներ տվել են իրենց ուղևորներին, սակայն չվերթի սպասող մարդկանց հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև այն փոփոխվում է»,-նշեց նա՝ հորդորելով չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին հետևել օդանավակայանի կայքում և հավելվածում:

Ավելի վաղ FLYONE ARMENIA ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստանում ավիաընկերության որոշ չվերթերի հետաձգման հետ կապված:

«Ցավոք, պատճառը եղանակային պայմաններն են. արդեն երկու օր է առավոտյան օդանավակայանում խիտ մառախուղ է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում չվերթերի հետաձգումները: Մենք հետևում ենք եղանակային պայմաններին ու անում հնարավորը թռիչքային բնականոն գրաֆիկին վերադառնալու համար: Վստահ եղեք, որ ձեր անվտանգ ու հարմարավետ չվերթները մեր առաջնահերթությունն են: Հայցում եմ ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»,-նշել էր նա:

Հայերեն English Русский