Քաղաքականություն

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին:

«Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում