Հասարակական

Հայաստանի «Արմենպրես» և Իտալիայի ANSA գործակալությունները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

5 րոպեի ընթերցում

Հայաստանի «Արմենպրես» և Իտալիայի ANSA գործակալությունները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Իտալիայի հասարակություններն այսուհետ ավելի իրազեկ կլինեն միմյանց երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ սեպտեմբերի 30-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել իտալական ANSA գործակալության հետ։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանի և ANSA֊ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆանո դե Ալեսանդրիի միջև։

Համաձայնագիրը թույլ կտա լրատվական ժապավենի, լուսանկարների և տեսանյութերի փոխանակում իրականացնել գործակալությունների միջև։ Գործակալությունները համաձայնագրով պարտավորվել են նաև անհրաժեշտության դեպքում աջակցել գործընկեր լրատվամիջոցի լրագրողների աշխատանքի կազմակերպմանն ու տեղեկատվության ապահովմանը իրենց երկրներում։

Նարինե Նազարյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ նշելով․ «Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ունեն դարերի պատմություն։ Երկու երկրներն այսօր արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում։ Այս համաձայնագիրը թույլ կտա մեր երկրներին էլ ավելի մոտենալ իրար, կառուցել բարեկամության նոր պատմություն, որի հիմնական նպատակը կլինի վստահության ամրապնդումը, երկու կողմերի հասարակություններին միմյանց մասին ավելի իրազեկ դարձնելը։ Մեծ կարևորություն հատկացնելով միջազգային համագործակցությանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործակցության համաձայնագրեր է ստորագրել աշխարհի ավելի քան 25 լրատվական գործակալությունների հետ։ Այս քայլով մենք կփորձենք էլ ավելի մոտենալ աշխարհին, լրատվական փոխանակումը փոխճանաչման գործիքներից է։ ANSA-ն Իտալիայի առաջատար գործակալություններից է՝ իր կողմից հավաքագրվող ու տարածվող լուրերի մեծ ծավալով։ Մենք կիսում ենք պրոֆեսիոնալ աշխատանքի և շարունակական զարգացման նույն արժեքները, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունն իր ներդրումը կբերի լուրերն ու ճշմարտությունն ավելի լայն հանրությանը հասցնելու գործում»։

ANSA գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆանո դե Ալեսանդրին իր հերթին ընդգծել է․ «Այս համագործակցությունն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների հետ մեր միջազգային համագործակցային ռազմավարության ևս մեկ մասն է։ Այն նպաստելու է երկու երկրների միջև փոխադարձ տեղեկացվածության աճին։ Ավելին, համաձայնագիրը կբացի հետաքրքիր հնարավորություններ երկու երկրներում կոմերցիոն համաձայնագրերի զարգացման համար, իսկ մեր բաժանորդները կունենան ավելի լայն և ամբողջական լրատվություն»։

Իտալիայի առաջատար ANSA (Agenzia Nazionale Stampa Associata) լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1945 թվականին։ Այսօր այն ունի 22 գրասենյակ Իտալիայում և 81 գրասենյակ աշխարհի 78 երկրում։ Գործակալությունն արտադրում է օրական 3500 լուր և ավելի քան 1500 լուսանկար։ Գործակալությունը լուրեր է թողարկում իտալերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն և արաբերեն։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին (այն ժամանակ՝Հայկական հեռագրական գործակալություն): Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում ներկայում պահվում է շուրջ 100 հազար լուսանկար: Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 350 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և իսպաներեն լեզուներով։ «Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում