Մշակույթ

...«Արմենպրես»-ի այդ «քրմերից» Լևոն Ազրոյանը... խոսք խմբագրից` Ավթանդիլ Գրիգորյան

8 րոպեի ընթերցում

...«Արմենպրես»-ի այդ «քրմերից» Լևոն Ազրոյանը... խոսք խմբագրից` Ավթանդիլ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաստակաշատ լրագրող երջանկահիշատակ Լևոն Ազրոյանի ծննդյան 85-ամյակի առիթով«Արմենպրես»-ը ներկայացնում է նրա հեղինակած, սակայն դեռևս անտիպ «Արմենպրես. Հիշողություններն անցյալ չեն դառնում» գրքից մի հատված։ Խմբագրի խոսքը ներկայացնում է Լևոն Ազրոյանի գործընկեր, անվանի հեռուստառադիոլրագրող Ավթանդիլ Գրիգորյանը։

«Սիրելի ընթերցող, իբրև հեղինակի հոգեկից ընկեր ու գործընկեր՝ ինձ վիճակվեց հավելյալ «աչք մը պտտելու» սույն գրվածքի վրա, նախքան այն տպարան հանձնելը: Ինչպես քեզ, ինձ համար նույնպես հետաքրքիր էին ՀՀԳ-Արմենպրեսի գործնական-ստեղծագործական «խոհանոցի» որոշ խորհրդավորություններ, քանզի մասնագիտական աշխատանքի բերումով ինչ-որ բան գիտեի: Չէ՞, երբ ինչ-որ բան գիտես, ուզում ես ավելին իմանալ… Եվ իմացա, ինչին, կարծում եմ, դուք էլ կուզենաք հաղորդ լինել սույն գրքի միջոցով:

Հայաստանի հեռագրական գործակալությանն իմ առաջին առնչությունները, բնականաբար, եղել են ընդամենը պարբերական մամուլի ընթերցողի և ռադիոլսողի կարգավիճակով: Նույնիսկ հիմա եմ զարմանում, թե ինչու ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում ֆոտոգործ դասընթացն ուսանելիս պատիվ ունեցանք առանձին հանդիպման ժամանակ ունկնդրելու միայն հանրահայտ լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանին, իսկ լրատվական ժանրերի և մասնագիտական այլ առարկաների ուսուցման ժամանակ մյուս լրագրողների փորձին բնավ չծանոթացանք…

…Երբ «Շախմատային Հայաստան» հանդեսի պատասխանատու քարտուղարիս 1974թ. հրավիրեցին աշխատելու Հեռուստառադիոպետկոմում, Արմենպրեսին ու արմենպրեսականներին առնչվելու գործնական առիթները հաճախադեպ դարձան: Նույնիսկ իմ աշխատանքային կենսագրության մեջ հազվագյուտ անցանկալի, ուղղակի՝ պատվախնդրական բախում եմ ունեցել վերադաս ղեկավարության հետ՝ Արմենպրես-Հեռուստառադիոպետկոմ գործակցության անտրամաբանական ժամառիթմերի պատճառով: Խորքային առումով՝ պատճառը պաշտոնական տեղեկույթն առաջնահերթ ունենալու՝ Արմենպրեսի մենաշնորհն էր և մյուս ԶԼՄ-ներին, այդ թվում՝ առավել արագագործ էլեկտրոնային միջոցներին «ուշացումով» տրամադրելը. չէ՞ որ դրանք պետք է նորություններն ավելի շուտ հասցնեին ռադիոլսարանին ու հեռուստադիտարանին… Ինչևէ, սա ընդհանրականից բխած անձնական դրվագ է, որ, երևի, այլուր կմանրամասնեմ: Իսկ առհասարակ արմենպրեսականները մեզ համար մասնագիտական դիտողականության ու հետևողականության օրինակ էին, հավասարակշիռ կեցվածքով, լրագրողական սկզբունքներն ու չափանիշները պահպանող վստահելի գործընկերներ, «զգաստության քրմեր». մի անգամ ընկերաբար այդպես եմ «մեծարել» նրանց…

Ահա Արմենպրեսի այդ «քրմերից» Լևոն Ազրոյանը ուշագրավ նոր դրվագներ է ներկայացնում իր երկրորդ տան գործնական անցուդարձից, ժամանակի բարքերից, գաղափարական ըմբռնումներից ու վերին պահանջներից, հասարակական-քաղաքական իրադարձություններից, տարբեր գործիչների կյանքից, այս ամենում լրագրողի կողմնորոշման, մարդկային ու մասնագիտական բարոյականության, ընկերական համակեցության ու փոխօգնության, ավաղ, նաև խարդավանելու մասին: Պատումը ներառում է միշտ և այսօր նույնպես անչափ կարևոր Հայրենիք-Սփյուռք բազմաբովանդակ կապերի, ազգամիջյան ու միջպետական հարաբերությունների, ընդհուպ ղեկավարման կուլտուրայի ու կազմակերպական, նաև առօրեական «դիվանագիտության» վերաբերյալ իրողություններ՝ յուրահատուկ ուղենշումներ ու փորձառություն Արմենպրեսի մերօրյա հերթափոխը համալրածների ու առհասարակ մեր նոր սերնդի համար… Արմենպրեսի երեց տարեգիրը ոչ միայն ներկայացրել է իր գրչեղբայր «քրմերին», լրատվական այս կառույցի ղեկավարներին, նրանց աշխատաոճն ու կենսական սկզբունքները, այլև՝ գործնական վրիպումներն ու թերացումները. ևս մի դաս հետագա գործիչների համար: Լավ է, որ անցած օրերը իրենց ներըմբռնումներով բնութագրում են նաև հեղինակի գրչակիցներն ու այլ գործընկերներ:

Հնարավոր է, որ մեզ ցանկալի ինչ-ինչ եղելություններ անտես ու անգիր են մնացել, բայց ըմբռնումով վերաբերվենք հեղինակի կարևորածին ու արձանագրածին. ակնհայտ է, որ նա ապրել է իր արժևորածով, գրելանյութը մասնակի կրկնություններ ունի՝ էականի որոշ այլասացությամբ, բայց՝ ճշմարտության ու մնայունի ընդգծումով: Արդեն պատկառելի տարիքում անցյալի այսօրինակ վերապրումն ու գրավոր վերարտադրումը ինքնին գնահատելի է, իսկ մարդու ներաշխարհի անքննելին քննաբանող հոգեբանների համար՝ ինքնատիպ մի նյութ: Հենց այս նկատառումով էլ անխաթար թողեցինք հեղինակային մտաշարժը, իր իսկ դասական ժուռնալիստիկայի գրելակերպից հեռացած ավանդական պատմելաոճը, շարադրանքի կառուցվածքն ու ամբողջականությունը…

Չնայած տարբեր լրատվականներում մեր լուսաբանած հիմնական ոլորտներին, թեմատիկ ուղղություններին, Լևոն Ազրոյանի հետ ազատորեն ու համերաշխորեն ընտրել էինք տուրիզմի թեմայով գրող ժուռնալիստների սեկցիան, և այն Հայաստանում գլխավորում էր սույն գրքի հեղինակը: Այս կազմակերպական ընտրության շնորհիվ լրացուցիչ հնարավորություն էինք ստացել ճամփորդելու ոչ միայն հայրենիքում, այլև՝ խորհրդային այլ հանրապետություններում, այլազգի գործընկերներին ներկայացնելու հայ իրականությունը՝ պատմական, մշակութային և այլ ընդգրկումներով: Լևոն Ազրոյանը, բնականաբար, մեր խմբի առաջատարն էր, ոչ միայն «պաշտոնային» դիրքով, այլև իր կենսափորձով, տարբեր լեզուների և այլ իմացություններով, փաստարկելու կարողությամբ, հաղորդակցվելու շնորհով… Այդկերպ նույնպես նա այլազգիներին ներկայացնում էր հային ու Հայաստանը, ՏԱՍՍ-ի կարևոր ենթակառույց ՀՀԳ-Արմենպրեսը, ինչը յուրովի արել է նաև իր գործնական արմատների իմացությանը հետամուտ լրագրողի գրադարակում պատշաճ տեղի արժանի այս գրքով:

Հեռուստառադիոյի համապատասխան ենթակառույցում աշխատելիս՝ պատիվ եմ ունեցել հատկապես մեր խնդրանքով Լևոն Ազրոյանի հեղինակած մի շարք նյութեր ներկայացնելու սփյուռքահայ ռադիոունկնդիրներին և ջերմ արձագանքներ ստանալու… Հիշելու, ասելու շատ բան կա, բայց խնայենք ընթերցողի ժամանակը: Բայց չեմ կարող չարտահայտել զարմանքս, որ գրեթե երկու տասնյակ գրքերի հեղինակ այս երիցագույն լրագրողը, վաստակաշատ կամ բազմավաստակ, կուզեք համեստաբառ՝ վաստակյալ Լևոն Ազրոյանը ո՛չ Հայաստանի գրողների միության անդամ է, ո՛չ էլ, առավել ևս, պաշտոնապես վաստակավոր մեր լրագրողների շարքում, իսկ դրա բարոյական ու գործնական իրավունքը նա վաղուց շահել է իր առաջին գործով ու կոչումով: Անցյալի բացթողումներից մեկն էլ կարելի է սրբագրել…»։

Ավթանդիլ Գրիգորյան

Հեռուստառադիոլրագրող, գրահրատարակիչ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում