Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով` չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարեւորել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը եւ այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում