Քաղաքականություն

Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից: Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:

«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:

Մարտ ամսին Ադրբեջանը փոխանցել էր 5 կետանոց իր առաջարկները, որին ի պատասխան օրեր անց Հայաստանը փոխանցել էր առաջարկները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում