Քաղաքականություն

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հայաստանի կառավարությունն առաջիկայում Եվրամիության անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է՝ ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։

Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների՝ սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են. «Կիսում ենք ՀՀ-ում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։

Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ, որ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային»,- հայտարարել է վարչապետը։

Նա շեշտել է, որ Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Վերնագրից և օրենքի կարճ բովանդակությունից ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի, և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով է իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամագրվելու համար։ Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխաններն ունենալու համար։  Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին, սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավելևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում