Տեղի ունեցավ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ և նիդերլանդացի ժողովուրդների առնչությունները գալիս են դեռևս 4-րդ դարից, բայց էլ ավելի հին են նիդերլանդական այն տասնյակ քարտեզները, որտեղ պատկերված է Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում՝ հնագույն դարերից մինչև ուշ միջնադար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ շատ արժեքավոր մի աշխատության՝ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը, որով հերթական անգամ նշանավորվում է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ գիրքը շատ մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության և հայ-հոլանդական հարաբերությունների արժևորման համար:

«Պիտի նշեմ, որ հետաքրքիր մի հետազոտություն է կատարվել և շատ արդիական մի ուսումնասիրություն է դրվել սեղանին, որտեղ հիսունից ավելի քարտեզներ են վերարտադրվել, որտեղ ներկայացված է Հայաստանը նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մենք չենք ունեցել անկախ պետականություն: Սա շատ կարևոր ցուցիչ է այն հարաբերությունների, որ դարեր շարունակ Հայաստանը, հայ ժողովուրդը բարեկամական հարաբերություններ է ունեցել Նիդերլանդների հետ», - նշեց թանգարանի տնօրենը:

Գրքի հրատարակումը նախաձեռնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ:

Դեսպան Բալայանի խոսքով՝ գաղափարը հավաքագրելու, կազմելու և միջազգային հանրությանը ներկայացնելու հոլանդական բոլոր այն հին քարտեզների ժողովածուն, որտեղ պատկերված է Հայաստանը, ծագել է մոտ մեկուկես-երկու տարի առաջ, բայց գիրքը կազմելու գործնական աշխատանքները սկսվել են մոտ 6-7 ամիս առաջ: Եվ քանի որ մոտենում էր հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, և Հայաստանի դեսպանության աշխատակիցների ձեռքի տակ պարբերաբար հայտնվում էին տարբեր հին քարտեզներ, որտեղ նշվում էր նաև Հայաստանը, առաջ է եկել այդ միտքը գտնելու բոլոր նմանատիպ քարտեզները և կազմելու մի առանձին հավաքածու:

«Պարբերաբար մեր ձեռքի տակ էին հայտնվում հին հոլանդական միջնադարյան քարտեզներ, որտեղ Հայաստանը պատկերված էր: Բայց ամենամեծ խթանը հանդիսացավ այն, որ Ամստերդամի գրախանութի կողքով անցնելիս՝ տեսա KLM ավիաուղիներիառաջին քարտեզը, որտեղ պատկերված էր Հայաստանը: Սկսեցի փնտրել, թե որտեղից կարելի է գտնել քարտեզների միասնական ժողովածու, որտեղ Հայաստանը պատկերված է, և Ամստերդամի համալսարանի արխիվներում գտնվեց քարտեզների այդպիսի ժողովածու: Դա շատ հայտնի, խոշոր հավաքածու է, և համալսարանի գիտաշխատողները մեզ շատ օգնեցին՝ մոտ երեք հազար քարտեզից ընտրեցին մեր տարածաշրջանի քարտեզները, որտեղ Հայաստանը պատկերված էր, և արդեն սկսեցինք աշխատել», - պատմեց դեսպան Բալայանը:

«Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, որը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերոջը կարևոր նախաձեռնության համար:

«Իսկապես շատ հպարտ եմ, որ Դուք նախաձեռնեցիք այս գրքի հրատարակումը: Ես նաև հույս ունեմ, որ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին», - դիմելով դեսպան Բալայանին՝ նշեց դեսպան Սխերմերսը:

Իրենց ելույթներում բանախոսները տարբեր փաստերով հաստատում էին, որ Հայաստանն ու Նիդերլանդները իսկապես հարաբերությունների երկար պատմություն ունեն: Լույս տեսած նոր գրքում նշված են այդ շարքին պատկանող շատ ու շատ ուշագրավ փաստեր, օրինակ այն որ առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Հայոց լեզվով աշխարհի առաջին քարտեզը նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին:

Դեսպան Տիգրան Բալայանը նաև հաղորդեց, որ այս տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին, մասնավորապես՝ նիդերլանդական դասական գրականության թարգմանությունը և Վան Գոգի նամակների թարգմանությունը:

Գրքում ներկայացված են շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական հնագույն քարտեզներ, որոնցում նշվում է Հայաստանը, ինչպես նաև 1695 թ. Ամստերդամում հրատարակված հայերեն առաջին քարտեզը (հեղինակ` Թովմաս Վանանդեցի)։ Յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը, այդ թվում` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Նիդերլանդական քարտեզների ժողովածուն անգլերեն լեզվով է։ Դեսպան Բալայանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ հայերեն հրատարակություն նախատեսված չէ, քանի որ գիրքը հիմնականում օտարերկրյա ընթերցողի համար է նախատեսված։ Գրքի նախաբանում ողջույնի խոսքով են հանդես եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին:

Արամ Սարգսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում