Քաղաքականություն

Ընդդիմությունը Հայաստանի առանձին հատվածներում շարունակում է իրազեկման երթերն ու ակցիաները

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը Հայաստանի առանձին հատվածներում շարունակում է իրազեկման երթերն ու ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության ներկայացուցիչները հանրապետության առանձին հատվածներում ապրիլի 29-ին շարունակել են ակցիաները և իրազեկման արշավները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների իրազեկման երթը մեկնարկել է Երևանի Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատրաստ են «գնալ մինչև վերջ»՝ կոչ անելով իշխանություններին «անցնցում, խաղաղ հեռանալ»:

«Դիմադրություն» շարժման անդամներին երթի ընթացքում իր թիմակիցների հետ միացավ նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Երթի անդամները քայլելով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթներով հանդես եկան «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Դիմադրություն» շարժման անդամների մեկ այլ երթ մեկնարկել է Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից։ Երթի մասնակիցների շարքում էին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Մեր այս պայքարը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ: Սա մեր ողջ ժողովրդի պայքարն է»,- երթի մեկնարկին հայտարարեց Օհանյանը:

Գյումրիում մեկնարկած երթը Վարդանանց հրապարակում ավարտվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակվածների։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ապակենտրոն ակցիաների շրջանակում մի խումբ քաղաքացիների հետ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս է Երեւան։ Նմանօրինակ քայլերթ է սկսվել նաև Իջևան քաղաքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում