Արսեն Թորոսյանն արձագանքել է ապրիլի 25-ին բողոքի ակցիաներ սկսելու մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը` ապրիլի 25-ին անդադար բողոքի ակցիաներ սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018 թվականից Հայաստանը ժողովրդավարական երկիր է և ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու խաղաղ հավաքների միջոցով:

«Կարիք չկա դա ներկայացնել, որպես հերոսություն՝ ի հակառակ մինչև 2018 թվականի եղած ժամանակահատվածի, երբ ՀՅԴ կոալիցիոն գործընկերների կողմից բանեցվող բռնաճնշումների պատճառով բողոքի ցույցերին մասնակցելը իսկապես հերոսություն էր պահանջում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա մոռացել է»,- գրել է պատգամավորը:

Ըստ պատգամավորի, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը ճանաչվել է որպես օրինական և իրավաչափ հենց նույն ՀՅԴ-ի կողմից, երբ ՀՅԴ անդամները, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը հետհեղափոխական կառավարության մաս կազմեցին։

«2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ոչ-ոք չի բողոքարկել, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկումից հետո մնացել են անփոփոխ և օրինական ուժի մեջ են մտել՝ ձևավորելով լեգիտիմ ԱԺ և դրանից բխող լեգիտիմ կառավարություն։

Հետևաբար` հարգելի պարոն Սաղաթելյան, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ թե ում են նրանք ընտրել։ Այս ամենը թվարկում եմ, որպեսզի չզարմանաք, երբ խաղաղ հավաքներ կազմակերպելիս ձեր պատկերացրած զանգվածային աջակցությունը չստանաք մեր քաղաքացիներից՝ ի հակառակ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահ էր, որ այդ ժամանակվա իշխանությունը լեգիտիմ չէր և չէր ձևավորվել մեր քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ»,- գրել է Թորոսյանը:

«Եվ վերջում՝ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը՝ ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու»,- գրել է Թորոսյանը:

Պատգամավորի խոսքով`Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ «Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է, հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»- եզրափակել է Թորոսյանը:

Հայերեն

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26