ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 28-հրապարակեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով վճիռը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը Առուշանյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով:
Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը հինգ տարի ժամկետով: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով: Նա նաև մեղավոր ճանաչվեց ՔՕ 113 հոդվածի 3-րդ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:
Դատարանը որոշում կայացրեց Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկատարել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:
Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը և վերջինս անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: