Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին․ Անջեյ Դուդա
1 րոպեի ընթերցում
![Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին․ Անջեյ Դուդա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1076950.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Դուդան նշել է.
«Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այնտեղ չի ուղարկելու իր ռազմական տեխնիկան»։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիայի անվտանգությունը ապահովելու և պատերազմի մեջ չներքաշվելու համար զորք ու սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա։
Մարտի 1-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Գերմանիան, ՆԱՏՕ-ն, այլ երկրներ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ռազմական միջամտություն չեն ծրագրում։