ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակի ընդհուպ մինչեւ նպատակներին հասնելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հանդես գալով մարտի 1-ին տեղի ունեցած սելեկտորային խորհրդակցության ժամանակ:
Բացելով խորհրդակցությունը՝ նա հիշեցրել Է, որ, «Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմանը համապատասխան, փետրվարի 24-ից Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողություն են անցկացնում Դոնբասի բնակչության պաշտպանության, Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման նպատակով»: «Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունն Է ռազմական սպառնալիքից, որն ստեղծվել Է Արեւմուտքի երկրների կողմից, որոնք փորձում են ուկրաինացի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում»,-հայտարարել Է Շոյգուն:
Նա ընդգծել Է, որ հատուկ ռազմական գործողության շրջանակներում «ռուսական բանակը չի բռնազավթում Ուկրաինայի տարածքը, բոլոր միջոցները ձեռնարկում Է խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»: Շոյգուն հայտարարել Է, որ «մարտական բախումների ընթացքում ուկրաինական կողմը չի խորշում խաղաղ բնակիչներին օգտագործել որպես վահան»:
«Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը, խոշոր տրամաչափի ականանետները տեղաբաշխվում են բնակելի շենքերի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների մերձակայքում»,-ասել Է նախարարը: Նա անձնակազմին շնորհակալություն Է հայտնել «արիության ու հերոսության, դրված խնդիրների բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ կատարման համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: