Միջազգային

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում:

«Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին:

Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում