Քաղաքականություն

Արթուր Ղազինյանն Արմեն Սարգսյանի հրաժարականը չի կապում լիազորությունների խնդրի հետ

2 րոպեի ընթերցում

Արթուր Ղազինյանն Արմեն Սարգսյանի հրաժարականը չի կապում լիազորությունների խնդրի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնից հրաժարական տալու որոշումը կապում է արտաքին քաղաքական գործընթացների և իշխանական ներքին վերադասավորումների ծրագրերի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ղազինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը շատ լուրջ իրադարձություն է Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում։

«Խոսքը պետության գլխի մասին է, և պետության գլխի հրաժարականը պետք է լուրջ ազդակ լինի բոլորին և՛ ներսում, և՛ դրսում։ Բոլորը պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և ներքին ու արտաքին քաղաքականությունը հարմարեցնեն այս նոր իրավիճակին։ Նախագահի հրաժարականի տեքստում գրված այն հիմնավորումները, որ Հանրապետության նախագահը չունի բավարար լիազորություններ զսպելու, հակակշռելու և սահմանադրության երաշխավորի իր գործառույթը կատարելու համար՝ իհարկե, այդպես չէ: Դա հատկապես պարզ դարձավ մեկ ու կես տարվա ընթացքում, երբ Հանրապետության նախագահը ուներ բազմաթիվ հնարավորություններ թույլ չտալու սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումներ, վարչապետի որոշումները կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հատկապես դա վերաբերվում էր սահմանադրության վիճահարույց փոփոխությանը, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և մի քանի անդամներ զրկվեցին իրենց պաշտոններից։

«Վստահեցնում եմ, որ եթե նախագահը այդ հարցով դիմեր Սահմանադրական դատարան, ապա այսօր ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում»,- եզրափակեց Ղազինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում