Տարածաշրջանային

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը  

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։

«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,-ասել է նա:

Բացի այդ, Քալընը ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցությունների նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում