Ինչպես են ռեստորանները և մշակութային հաստատությունները պատրաստվում հունվարի 22-ից ուժի մեջ մտնող մուտքի նոր պահանջին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 22-ից գործելու է հանրային մի շարք վայրեր մուտքը պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատով թույլատրելու պահանջը. թե կոնկրետ ինչ մեխանիզմով են ապահովելու այս պահանջը, օրինակ` առանձին աշխատո՞ղ են կցելու, թե՞ հսկողություն իրականացնելու է աշխատողներից որևէ մեկը, հաստատություններից որոշները դեռ չեն հստակեցրել: Նշում են՝ մեխանիզմները մշակման փուլում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Yeremyan projects-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ միանշանակ հետևելու են պահանջին, այժմ ընկերության բոլոր ռեստորանների ցանցի համար ընթացակարգը մշակման փուլում է, թե ինչպես անել, որ վերահսկողությունը ճիշտ կազմակերպվի և իրականացվի: «Թե կոնկրետ ինչպես ենք անելու՝ մատյա՞ն ենք վարելու, պատասխանատո՞ւ է լինելու, դա կլինի մենեջե՞րը, թե՞ ուրիշ մեկը, ռեստորանը պետք է իր ընթացակարգը մշակի: Եվ դա մշակվում է, որ կարողանանք ճիշտ կազմակերպել՝ հնարավորինս խուսափելով անհարմարություններից և հյուրերի, և աշխատակիցների համար»,-ասաց Գևորգյանը:

Մեկ միասնական մոտեցման, հսկողության ձևի միասնական պահանջի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն ընկերությունները դեռևս չեն ստացել:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ ճեպազրույցում հայտնել էր, որ տնտեսավարողները որևէ հավելյալ ծախսեր իրականացնելու, սարք-սարքավորումներ գնելու կարիք չունեն՝ նկատելով, որ բոլորի հեռախոսներում, այսինքն` սմարթֆոններում հասանելի են թե՛ թեստավորման, թե՛ պատվաստման սերտիֆիկատները:

Ըստ նախարարի հրամանի՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.

կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,

կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Սակայն այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև նախկինում COVID-19-ով արդեն հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

Ըստ ԵրևանիՀովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի ՝ այդ որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Բաբայանը դեռ չգիտի, թե շուտով արդեն ուժի մեջ մտնող պահանջն ինչ մեխանիզմներով է գործելու, ինչպես են իրենք ապահովելու այդ պահանջի կատարումը, ինչպես են ստուգելու: «Ինչպե՞ս ենք մենք գործելու, ի՞նչ մեխանիզմներով, երբ ներկայացումից 5 կամ 10 րոպե առաջ գալիս է հանդիսատեսը, հերթեր են առաջանում, ինչպե՞ս ենք ստուգելու՝ ուժի մե՞ջ է թեստը, թե ոչ, ո՞ր օրն է արված: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հոգի է պետք կանգնեցնել, որ նրանք ստուգեն այդ ամեն ինչը: Կամ, օրինակ, ծնողը գալիս է երեխայի հետ, երեխայի համար պահանջ չկա, ծնողի համար՝ կա, եթե ծնողը չունի թեստի պատասխան կամ պատվաստված չէ, հե՞տ ենք ուղարկում երեխային էլ, երեխան առանց ծնողի չի գալիս: Ինչպե՞ս ենք կազմակերպելու տոմսերի վերադարձը»,-ասաց նա:

Ընդհանրական որևէ կարգի մասին թատրոնը ևս չի տեղեկացվել: Ըստ նրա՝ այդ որոշման արդյունքում կտրուկ նվազելու է հանդիսատեսի քանակը, ինչն էլ նշանակում է, որ նվազելու է թատրոնի եկամուտը: Նա թատրոնների առաջ դրվող առաջադրանքների վերապլանավորման կարիք է տեսնում:

Բաբայանը չի կարծում, որ որևէ հանդիսատես 15 րոպեից շուտ գա ներկայացման: «Հերթով գալիս է հանդիսատեսը, ստուգում են յուրաքանչյուրի QR կոդը, մինչև վերջին հանդիսատեսին հասնելը մենք չենք կարող ներկայացումը սկսել, դա էլ կտևի առնվազն 1 ժամ, այսինքն` ներկայացումը կսկսվի 1 ժամ ուշացմամբ, կլինեն բողոքներ նրանցից, որոնք արդեն անցել են»,-ասաց նա:

Մոսկվա կինոթատրոնում էլ, քանի դեռ ժամանակ կա մինչև պահանջի ուժի մեջ մտնելը, դեռ մտածում են, թե ինչ մեխանիզմով ապահովել պահանջի կատարումը:

Կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանն ասաց. «Մինչև ուժի մեջ մտնելու օրը մեզ մոտ հստակ կլինի պատկերը, կգտնենք մեխանիզմը: Ամեն դեպքում անգամ այս շրջանում մենք հետևում ենք սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին: Այսինքն՝ արդեն իսկ որոշակի փորձառություն ունենք նմանատիպ պայմաններում հաճախորդների հետ աշխատելու, ավելանալու է միայն լրացուցիչ ստուգումը, որը մի փոքր ավելի շատ ժամանակ է խլելու, ոչ թե տեխնիկական խնդիրներ է առաջացնելու»:

Կինոթատրոնը ևս միասնական մոտեցման վերաբերյալ պաշտոնական որևէ գրություն չի ստացել, Խաչատրյանը նկատեց՝ սովորաբար օրենքը կամ հրամանը լինում է, իսկ կառույցներն իրենք են դրա կետերին համապատասխան գտնում տարբերակներ: Նա նշեց՝ հրամանի կետերին մանրամասն ծանոթանալուց հետո, եթե պարզաբանումների կարիք լինի, միգուցե առանձին դիմեն համապատասխան մարմին՝ որոշ կետերի շուրջ պարզաբանում ստանալու: «Կարծում եմ՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բոլոր կառույցներս կունենանք նաև մշակած մեր մեխանիզմները՝ օրենքի կետերին համապատասխան գործունեություն ծավալելու մասով»,-ասաց Խաչատրյանը՝ նկատելով, որ դեռ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ ստուգայցերի ընթացքում դիտարկելու է նախարարի այդ հրամանի պահանջների կատարումը:

«Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնելու է Covid-19-ի կանխարգելման շրջանակում իրականացվող ընդհանուր ստուգայցերի շրջանակներում»,-ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը:

Նախարարի հրամանում կոնկրետ գործիքակազմի մասին խոսք չկա: Ըստ Խաչատրյանի՝ տնտեսավարողները պետք է իրենք որոշեն դա:

Առողջապահության նախարարի համապատասխան հրամանը պաշտոնապես հրապարակվել է հունվարի 7-ին, ուժի մեջ է մտնելու հրապարակումից 15 օր անց, այսինքն՝ հունվարի 22-ից:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար