Կառավարությունը հավանություն տվեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ուսուցիչների տարակարգի տրամադրման բաղադրիչին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը նախագծին դրական արձագանքեց փետրվարի 6-ի հերթական նիստի ընթացքում։
Հարցի զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, նշեց, որ Կառավարության ծրագրի և կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առանձնահատկություններից է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը և ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը։
«Միայն 2024 թվականին բացի ուսուցիչների աշխատավարձից, պետական բյուջեի շրջանակներում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է, և պետք է ուրախությամբ նշեմ, որ 4 տարվա կամավոր ատեստավորման արդյունքում մենք արդեն ունենք 6100-ից ավելի ուսուցիչներ կամ մեր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, որոնք օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձր աշխատավարձ։ Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակներում նաև 2023-2024 թվականների ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն են ստացել շարունակել իրենց աշխատանքը։ Պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ՀՀ կառավարության հաջորդ կարևոր ծրագիրը տարակարգի ծրագիրն է․ «Նախորդ տարի 285 ուսուցիչ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ և արդյունքում նաև լրացնելով իր վարձրատրությունը ևս 10-50 տոկոս հավելավճարով։ Ներկայում տարակարգ ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»։
Նախարարը շեշտեց, որ ուսուցիչների մասնագիտության գրավչությանն ուղղված Կառավարության մյուս ծրագիրը բնագիտական առարկաների և ՏՏ ոլորտի ուսուցիչների համար 25 տոկոսի հավելավճարի ծրագիրն է, որի շահառու է 8200 ուսուցիչ և այդ ուսուցիչներն, անկախ իրենց վարձրատրության մյուս միջոցներից, ստանում են 25 տոկոս հավելավճար։
«Բացի այդ, մենք նաև ունենք ծրագիր գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների համար՝ մինչև 50 տոկոս հավելավճարի հնարավորությամբ, որի շահառու է 3100-ից ավելի ուսուցիչ։ Միայն այս ծրագրերի համար 2024 թվականին ուղղվել է 8,9 միլիարդ դրամ»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարը։
Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը նաև էապես ավելացրել է հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը՝ մեծացվելով շուրջ 6,5 տոկոսով։
«Այս համալիր քաղաքականության արդյունքնում 2023-2024 թվականների ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտական գրավչությանն ուղղված մեր ծրագրերն աշխատում են»,-նկատեց Անդրեասյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում է։
Ժաննա Անդրեասյանի բնորոշմամբ՝ այս տրամաբանությամբ են նաև առաջարկվում այս նախագծով նախատեսված փոփոխությունները տարակարգի մեխանիզմում։
«Մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է թվայնացումը, և մենք նաև այս ուղղությամբ քայլեր իրականացնելով՝ նախատեսում ենք, որ առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը կարևոր է ինչպես ռեսուրսի խնայողության տեսանկյունից, այնպես էլ կրթության կառավարման տեսանկյունից»,-ասաց նախարարը։
Վերջինիս բնորոշմամբ՝ այս փոփոխությամբ նաև հնարավորություն է տրվում, որ ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովը իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհել։
Նա նշեց, որ կարոր ճշգրտում է նաև հավելավճարի հաշվարկի հստակեցումը, որը կհաշվարկվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը։