Տնտեսություն

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

Հայաստանում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը նախագծին դրական արձագանքեց փետրվարի 6-ի հերթական նիստի ընթացքում։ 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով՝ սույն նախագիծն ալկոհոլային խմիչքների, ջրի և ծխախոտի շուկյին է վերաբերում, ինչպես նաև՝ դրոշմավորման ենթակա մյուս ապրանքներին։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հին համակարգով եղել է ոչ հետագծելի՝ դրոշմավորումը կատարվել է ներմուծողի և արտադրողի մոտ, իսկ արդեն 2018 թվականին Եվրասիական տնտեսական միության նոր համաձայնագրով՝ ՀՀ-ն, ինչպես նաև անդամ մյուս երկրները, պարտավորվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել։

Էդուարդ Հակոբյանը նկատեց՝ նույնականացման միջոցներով դրոշմավորումն առաջարկվում է ներդնել փուլերով՝ տարբեր ապրանքախմբերի համար սահմանելով ներդրման տարբեր ժամկետներ. օրինակ՝ ըմպելիքները, պահածոյացված մթերքը՝ 2025 թվականի մարտի 1-ից, կաթնամթերքը՝ 2025 թվականի հունիսի 1-ից, յուղերը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, դեղերը, կոսմետիկան, օծանելիքը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նա ընդգծեց, որ սրանով կազմակերպություններին հնարավորություն կտրվի փոխճանաչելի համակարգ ունենալ։ 

«Այն տնտեսվարողները, որոնք ԵԱՏՄ երկրների հետ առևտուր են անում, իրենց ապրանքն այնտեղ կճանաչվի, այնտեղի ապրանքներն էլ՝ Հայաստանում: Մյուսն ագրեգացիան է, այսինքն՝ տնտեսվարողները խմբով ապրանքները դրոշմավորելու հնարավորություն կունենան, նաև կլինի որոշակի ծախսերը նվազեցնելու հնարավորություն»,-ասաց Հակոբյանն՝ ընդգծելով, որ այսկերպ պետությունը հնարավորություն կունենա հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը, վերահսկողություն կունենա ստվերի հնդեպ, ինչպես նաև՝ թույլ կտրվի այս համակարգը ներդնել այլ գերատեսչություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում