Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 միլիոն դոլարի ջերմատնային արտադրանք, 2024 թվականին՝ 118,5 միլիոն դոլարի արտադրանք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջերմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2,2 տոննա հատապտուղ և 190 հեկտարից՝ մոտ 101 միլիոն հատ ծաղիկ»,-նշեց Գևորգ Պապոյանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական տվյալների՝ եթե ՀՀ-ից 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 միլիոն դոլարի ջերմատան արտադրանք, ապա 2024 թվականին՝ 118,5 միլիոն դոլարի արտադրանք։ «Մասնավորապես՝ 40 միլիոն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023 թվականին, իսկ արդեն 2024 թվականին՝ 55 միլիոն հատ և 2,1 հազար տոննա»,-նշեց նախարարը։
Նախարարի դիտարկմամբ՝ այս տվյալները վկայում են, որ ոլորտում կատարվող ներդրումներն արդյունք տալիս են։