Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին այլ երկրներում վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նրանք կարող են հեռանալ, նրանք կարող են տեղափոխվել և վերադառնալ: Բայց հարկավոր է վերակառուցել Գազան։ Սա առաջին լավ գաղափարն է, որ ես լսել եմ», - ասել է Նեթանյահուն՝ մեկնաբանելով Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և այն վերակառուցելու Թրամփի գաղափարը։
Նեթանյահուն կոչ է արել «զարգացնել, ուսումնասիրել և կյանքի կոչել» այդ գաղափարը, որը «նոր ապագա կստեղծի բոլորի համար»:
Իսրայելի վարչապետը հավելել է, որ Թրամփը չի խոսել վերջնականապես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու համար ամերիկացի զինվորականներ ուղարկելու մասին։
«Ես նաև չեմ կարծում, թե նա ասել է, որ պատրաստվում է ֆինանսավորել դա: Նա ասել է, որ հարևան պետությունները, հարուստ պետությունները կանեն դա», - ասել է Նեթանյահուն:
Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պարզաբանել է, որ պաղեստինցիները կվերաբնակեցվեն ժամանակավորապես, քանի որ անկլավում չկան կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։