Մերձավոր Արևելք

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Ալ Գրինն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել է, որ իմփիչմենթի բանաձև է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ մեղադրելով նրան Գազան էթնիկ զտումների ենթարկելու մտադրության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի տեսանյութը Գրինը տարածել է X սոցիալական հարթակում։ 

«Գազայում էթնիկ զտումները կատակ չեն, հատկապես, երբ այդ մասին հայտարարվում է Միացյալ Նահանգների նախագահի՝ աշխարհի ամենահզոր անձնավորության կողմից», - նշել է նա՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ամաչի՝ իմանալով իր ժողովրդի պատմությունը, և չպետք է թույլ տա, որ նման հայտարարություններ արվեն։

Ամերիկացի անկախ սենատոր Բեռնի Սանդերսն իր հերթին քննադատել է ԱՄՆ նախագահի ծրագիրը՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ։ 

««Խաղաղության ջատագով» Թրամփը ցանկանում է 2 միլիոն պաղեստինցիների դուրս հանել իրենց տներից, Նեթանյահուին տալ ևս մեկ միլիարդ դոլարի զենք և նպատակ ունի իրագործել «ծրագիր»՝ ավերված Գազայի հատվածը վերածելու միլիարդատերերի Ռիվիերայի», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:

Դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի հայտարարությունը «նշանակում է էթնիկ զտումներ իրականացնել պաղեստինցիների դեմ»՝ հավելելով, որ արաբական երկրները միասին հայտարարել են տեղահանման առաջարկի մերժման մասին։

Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեյք Օչինկլոսը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս առաջարկը «անխոհեմ» է ու «անհիմն» և կարող է վնասել Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլի ընթացքին։

Դեմոկրատական սենատոր Քրիս Քունսը Թրամփի առաջարկը որակել է որպես «խելագարություն»։ 

Այս համատեքստում դեմոկրատ Ռաշիդա Թլաիբը X-ում գրել է, որ պաղեստինցիները ոչ մի տեղ չեն տեղափոխվելու։ Նա Դոնալդ Թրամփի գաղափարն անվանել է «մոլեռանդ անհեթեթություն»՝ հավելելով, որ Կոնգրեսում աջակցում են ցեղասպանության և էթնիկական զտումների ֆինանսավորմանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում